«Սոցիալական մանկավարժն այն մասնագետն է, որը կամրջում է մեծահասակների և փոքրերի կյանքը. նա դպրոցի, ընտանիքի և հասարակության միջև ամուր կապ ստեղծողն է, դժվար իրավիճակում հայտնված երեխայի առաջին օգնականն ու պաշտպանը, վերադաստիարակման գործընթացում հայտնված անչափահասի, նրա ծնողների ընկերն ու խորհրդատուն»,-այսօր Մանկավարժական համալսարանում կայացած «Սոցիալական մանկավարժի պատրաստման և կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով կլոր սեղանի բացմանը նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը:
Խոսելով սոցիալական մանկավարժի որակների մասին՝ պրոֆեսորն ընդգծեց, որ այն սոսկ մասնագիտություն և բարձրագույն կրթություն չէ. «Դա կոչում է, նվիրում, մարդու, երեխայի, մանկության նկատմամբ մեծագույն պատասխանատվություն, ուրիշի ցավն ու դժբախտությունը զգալու, օգնության հասնելու պատրաստակամություն ու ցանկություն, ապրումակցում, հանդուրժելու կարողություն»:
Աիդա Թոփուզյանն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորեց ներկաներին Սոցիալական մանկավարժի միջազգային օրվա առթիվ և կարևորեց ուսանողների նախաձեռնության անցկացումը բուհում՝ մաղթելով, որ ոլորտի մասնագետները բարձրացնեն մասնագիտության հեղինակությունը հանրապետությունում:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը հպարտությամբ նկատեց, որ բուհում ներդրված «երիտասարդ» մասնագիտությունը, ի թիվս մյուսների, զարգացում է ապրել և կայացել. դրա վկայությունը պրոֆեսորադասախոսական կազմն ու նորաթուխ մասնագետներն են, ովքեր իրենց ներդրումն ունեն ՀՀ ազգաբնակչության թիրախային մի շարք խնդիրների լուծման գործում:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանն ընդգծեց աշխատաշուկայում սոցիալական մանկավարժի կարևորությունը, և նկատի ունենալով մասնագիտության արդիականությունը հասարակության ամենատարբեր ոլորտներում ՝ ընդգծեց դրա լայն իրազեկման անհրաժեշտությունը:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը «Սոցիալական մանկավարժության ձևավորման ու զարգացման ընթացքն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով զեկույցում անդրադարձավ հանրապետությունում և ՀՊՄՀ-ում մասնագիտության ներդրմանը, ձևավորմանն ու զարգացմանը, բուհում տարեցտարի դասընթացների փաթեթների, առարկայական ծրագրերի, նկարագրերի կատարելագործմանը:
Բանախոսն ընդգծեց, որ արտերկրի բուհերի, մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը, հետազոտական ներդրումային ոլորտի զարգացումը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը կնպաստեն մասնագիտության զարգացման հեռանկաներին.«Սոցիալական մանկավարժի հաստիքի անհրաժեշտության վերաբերյալ կա թյուրըմբռնում. այն գործում է միայն ներառական կրթության համատեքստում, այնինչ պետք է ընդգրկել դպրոցներում, տարբեր գերատեսչություններում»:
Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկմանը զեկույցներով, դիտարկումներով և առաջարկներով հանդես եկան նաև ՀՊՄՀ-ի ներկայիս և նախկին ուսանողները:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Միշա Թադևոսյանը կարևորեց սոցիալական մանկավարժների հիմնական գործառույթների և պարտականությունների իրազեկումը պրակտիկա անցկացնող հաստատություններում, իսկ առկա բացերը լրացնելու, սոցմանկավարժական տարբեր իրավիճակներում ուսանողներին կողմնորոշվելու համար առաջարկեց առավելագույնս զարգացնել գործնական կարողությունները :
Նույն ֆակուլտետի մագիստրոս Ելենա Խաչատրյանն էլ, որը կրթությանը զուգահեռ մասնագիտական գործունեություն է ծավալում Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում, սոցիալական մանկավարժի գործունեությունը լիարժեք և պրոֆեսիոնալ ծավալելու համար անհրաժեշտ համարեց նախատեսված պրակտիկան:
Սոցիալական մանկավարժի դերի ոչ լիարժեք ընկալմանն անդրադարձավ նաև ՀՊՄՀ-ի շրջանավարտ Անուշ Սարգսյանը, որը իր ելույթում նկատեց՝ այս մասնագետը հիմնականում ընկալվում է միայն որպես բազմամասնագիտական թիմի անդամ:
Կրթությունն ասպիրանտուրայում շարունակել ցանկացող շրջանավարտը հանես եկավ մի շարք առաջարկաներով, մասնավորապես ՝մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանում առարկան ներառելու, կոնկրետ մեթոդիկաների և տեխնոլոգիաների կիրառման կարողությունների և հմտությունների պակասի լրացում, ինչպես նաև մանակավարժների համար ուղեցույցերի մշակման անհրաժետություն:
Ձեռնարկին ներկա էին նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Հայկուհի Գևորգյանն իր ելույթում նկատեց, որ սոցիալական մանկավարժն ունիվերսալ մասնագիտություն է, իսկ իր ղեկավարած կենտրոնի կարևոր ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ մասնագիտական խմբերում ժամանակին ընդգրկվել է հենց սոցմանկավարժներին .«Եթե գործատուն ուզում է քիչ գումարով առավել բարձր եկամուտ ունենալ, փոքր անձնակազմով արդյունավետություն ապահովել, ապա աշխատանքում պետք է ընդգրկի այս մասնագետներին»,-նշեց Գևորգյանն ու հավելեց, որ իրենց կենտրոնում, որտեղ պրակտիկա են անցնում նաև ՀՊՄՀ-ի ուսանողները, առաջին իսկ օրից նպատակ են հետապնդել ուսանողի մոտ ձևավորել սոցիալական մանկավարժի մասնագիտական կարողություններ և հմտություններ, նրանց տալ զբաղվածության այն նկարագրերը, որոնք հետագայում կարող է ունենալ շրջանավարտը:
Սոցիալական աշխատանքի նախարարության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ նկատեց, որ սոցիալական աշխատանքը ստեղծագործ միտք է պահանջում և սա մի ոլորտ է, որն անընդհատ ենթակա է փոփոխության և մշտապես սովորելու անհրաժեշտություն կա:
Հոկտեմբերի 2-ին նշվում է Սոցիալական մանկավարժի միջազգային օրը. որոշումն ընդունվել է 2009 թվականի մայիսին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Սոցիալական մանկավարժություն մասնագիտությունը 2002-2003 ուսումնական տարում բացվել է նաև ՀՊՄՀ-ի Տարրական կրթության մանկավարժության և դեֆեկտոլոգիայի ֆակուլտետում, իսկ 2006 թվականին Հոգեբանության և սոցիալական մանկավարժության վերանվանված Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետն իր մեջ ներառեց նաև այդ մասնագիտությունը: