Արդեն մեկ ամիս է, ինչ Ֆրանսիայի Լիլ քաղաքի մանկավարժական կրթության բարձրագույն դպրոցի երկու մագիստրոս դասավանդում է ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետում:
Միջազգային մանկավարժության բաժնի մագիստրոսներ Մորգան Ֆլինուան և Գիյոմ Աքքարը փոխանակման շրջանականերում իրենց պրակտիկ հմտություններ են ձեռք բերում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» դասընթացի շրջանակներում:
Արդեն 3-րդ տարին է, որ փոխանակման ծրագրի շնորհիվ օտարազգի ուսանողներն ակտիվ պրակտիկայի ձևաչափով լինում են հայասատանյան դպրոցներում և Մանկավարժական համալսարանում, մասնավորապես՝ Օտար լեզուների ֆակուլտետի Ֆրանսերենի բաժնում:
Մորգան Ֆլինուան առաջին անգամ է Հայաստանում, խոստովանում է Ֆրանսիայի համեմատությամբ ոչինչ նույնը չէ. հիացած է հատկապես հայկական մշակույթով:
«Մեզանում տարբեր կրոնների առկայությունը խոչընդոտում է կրթական համակարգի աշխատանքը, իսկ այստեղ չկա այդ խնդիրը. բոլորը քրիստոնյա են»,-խոսելով հայկական կրթության առանձնահատկությունների մասին՝ նշեց Մորգան Ֆլինուան ու չթաքցնելով հայ ուսանողների հանդեպ հիացմունքը՝ հավելեց. «Ամենաթույլ կարողություններով ուսանողն անգամ խոսում է գրագետ ֆրանսերենով: Նույնիսկ մեր երկրում ֆրանսերենն այսքան գեղեցիկ չի հնչում, որքան այստեղ»:
«Դասընթացները երկուստեք արդյունավետ էին, օգտակար, քանի որ ֆրանսերենով շփումն իրականացրեց երկու մշակույթների լիարժեք երկխոսություն»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսիացի մյուս ուսանող Գիյոմ Աքքարը՝ խոստանալով, որ Հայաստան նորից կգա. այն հրաշալի երկիր է ճամփորդելու, շրջագայելու համար:
Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը կարևորեց օտարազգի ուսանողների հետ փոխանակման ծրագիրը՝ վստահեցնելով, որ նախորդ տարիների հաջող փորձը նպաստում է, որ ամեն տարի ունենանք օտարազգի պրակտիկանտների թվի ավելացում:
«Նրանց ներկայությունը շատ կարևոր է. լեզուն սովորում և ամրապնդում են խոսելով, իսկ ուսանողների համար դասից դուրս չկա այդ միջավայրը»,-նշեց ամբիոնի վարիչն ու ուրախությամբ նկատեց, որ ֆրանսիացի ուսանողներին տեսարժան վայրեր ուղեկցել են ՀՊՄՀ-ի ուսանողները՝ կատարելով միաժամանակ նաև էքսկուրսավարի դեր:
Մանկավարժական համալսարանում դասավանդելու վերջին օրն արդեն օտարազգի ուսանողները խոստովանում են՝ պրակտիկան արդյունավետ է, հաջողված և չկրկնվող փորձ մանկավարժ դառնալու ճանապարհին: