ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ողջ ծաղկաբույլս քեզ, 100-ամյա իմ դպրանոց»
24.10.2022
«Ողջ ծաղկաբույլս քեզ, 100-ամյա իմ դպրանոց»

«Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք վերևի հետ ինչ-որ հաղորդակցում կա, երբ ծաղիկ եք նկարում․ ձեր վրձնահարվածները չեն կրկնվում։ Ես խոստովանում եմ, որ երբեք տիեզերք չեմ բարձրանում․ ուղղակի պետք է շատ սիրել բնությունը, իսկ վարպետությունդ՝ բավարարի, որ կարողանաս գեղարվեստորեն արտահայտել այն, ինչ ընկալում ես, դեռ մի բան էլ ավել»,- «Ողջ ծաղկաբույլս քեզ, 100-ամյա իմ դպրանոց» խորագիրը կրող իր գեղանկարչական աշխատանքների ցուցադրությանը նշեց պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը։

ՀՊՄՀ-ի 100-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված էր մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի 48 գեղանկարչական աշխատանք, որոնցից 18-ը ստեղծվել է վերջերս։

Հեղինակը խոստովանում է․«51 տարի այս կրթօջախում եմ․ ստեղծագործական ու գիտակրթական բոլոր հաջողություներս սկսվել են մանկավարժական մայր բուհից։ Ուսուցիչ լինելը տիեզերական հասկացողություն է․ մենք ենք՝ հասարակության կրթողն ու դաստիարակողը։ Այսօր էլ, իմ անհատական ցուցահանդեսին, հպարտությամբ եմ ելութ ունենում․ապագա մանկավարժներին կարող եմ վստահորեն ասել՝ դուք ընտրել եք լավագույն մասնագիտությունը, որ սովորեցնում է բոլորին»,-ասաց Լեմս Ներսիսյանը։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, ընդգծեց՝ պրոֆեսոր Ներսիսյանի վրձինը, գունապնակն ու ամենասիրելի թեմաներից մեկը՝ ծաղիկները, աշնան այս մռայլ օրը ջերմացնում է, անկախ հույզերից՝ պարգևում այլ տրամադրություն, իսկ ճաշակն ու նրբագեղությունը՝ բուհի բազմապրոֆիլ ուղղությունների շարքում, մեկ անգամ ևս ընդգծում է Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուրույն դերն ու վաստակը։

ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը պատահական չի համարում այն, որ արվեստագետի հենց այս ստեղծագործությունների ցուցադրությամբ է նշվում բուհի մեկդարյա հոբելյանը․ «Նվիրենք ծաղիկներ, որոնք շատերիս հիշողության մեջ են մնացել»,-նշեց թանգարանի տնօրենը։

Պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի գոյությունը հարստացնում է բուհը․ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանի դիտարկումն է․ «Նրա տաղանդը թույլ է տվել նոր աշխարհ պատկերել։ Բնավորությանը հատուկ է զսպավածությունը, բարությունն ու համեստությունը․դրանք արտացոլված են նրա ստեղծագործություններում, որտեղ գունային և լուսային կոնտրաստը, չափազանց փոքր է»,-նշեց Համլետ Միքայելյանն ու հավելեց՝ Լեմս Ներսիսյանը չի ճնշում բնությունը․ներկայացված ծաղիկները ձուլված են դրան՝ իր խառնվածքին ու հոգևոր աշխարհին հատուկ։

Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը։