ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Որակավորումների ազգային շրջանակը անհրաժեշտություն է բոլորիս համար»
04.03.2016
«Որակավորումների ազգային շրջանակը անհրաժեշտություն է բոլորիս համար»

«Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում» խորագրով երկօրյա համաժողովն այսօր ամփոփեց արդյունքներն ու նախանշեց ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ ծրագրի հետագա անելիքները:

Մի քանի մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքներում ներգրավված հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիտարկումները, մեր երկրում որակավորումների ոլորտային շրջանակների հիմնախնդիրները և առավել մանրամասն անդրադարձան 5՝ Կրթության, Գյուղատնտեսության, Իրավագիտության, Քաղաքացիական շինարարության, Ֆիզիկայի ոլորտային շրջանակներին վերաբերող խնդիրներին:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան գոհ է համաժողովի արդյունքներից. քննարկումները թույլ են տալիս ծրագրի նպատակի իրագործման համար առաջարկել առավել գործնական քայլեր, ձևավորել կարողությունների և հմտությունների նոր շրջանակ:

«Որակավորումների ազգային շրջանակը անհրաժեշտություն է բոլորիս համար, ուստի պետք է ստեղծենք մի հարթակ՝ համատեղ առաջարկելու, լսելու, քննարկելու և ընդունելու համար մի փաստաթուղթ, որը պետք է ոչ միայն ընդունվի, այլև կիրառվի գործնականում»-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավարը:

Հայաստանում ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ-ի համակարգողներից Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը նկատում է՝ համաժողովը ոչ միայն տեղեկատվության տարածման, այլև համապատասխան շահակիցներին աշխատանքներում ներգրավելու հաջողված փորձ էր. «Համաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան նաև տարբեր ոլորտների խոշոր գործատուների ներկայացուցիչներ՝ ապահովելու համար բուհ-գործատու կապը, ձևակերպելու աշխատաշուկայի պահանջը և դրանցից բխող ուսումնառության արդյունքները»:
old.aspu.am-ի զրույցում Քրիստինա Ծատուրյանը ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ արդենիսկ ստացվել է ծրագրի միջանկյալ հաշվետվության վերաբերյալ Եվրահանձնաժողովի դիտարկումը. իրականացրած մոնիտորինգի արդյունքների հիման վրա նրանք բարձր են գնահատել կատարված աշխատանքը:

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի կարծիքով՝ աշխատանքների ընթացքը հաջողված էր, քանի որ իրականացավ գործընթացում բոլոր շահակիցներին ներգրավելու գործընթացը. «Որակավորումների ազգային շրջանակը պրակտիկ գործիք է հանդիսանալու բուհերի համար, որոնք առաջնորդվելու են այդ փաստաթղթով իրենց կրթական ծրագրերը մշակելու և վերջնարդյունքը ձևակերպելու տեսանկյունից»:

ԵՊՀ-ի պրոռեկտորի տեղակալ, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը համակարծիք է՝ համաժողովն ունեցավ հաջող ընթացք. սեկտորիալ որակավորումների շրջանակներում քննարկումները կունենան իրենց գործնական արտացոլումը՝ հետագա փուլում դրանց մշակումներն առաջ տանելու ուղղությամբ. «Պետք է շարունակվեն արդենիսկ ձևավորված և որոշակի համաձայնություններ ձեռք բերած խմբերի աշխատանքները նույնիսկ ծրագրի ավարտից հետո, քանի որ դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ փաստաթուղթը բավարարի բոլոր կողմերին»: