«Հայաստանում ինձ ամենաշատը գրավեց մարդկանց բարությունը, հյուրընկալությունը, ընկերասիրությունը, ամեն պահի օգնության հասնելու պատրաստակամությունը, ինչն էապես բացակայում է մեր եկրում»,-աղավնաձորյան Ամառային դպրոցից տպավորված` նշում է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Յանա Դոբըշը և հավելում, որ այս ճամփորդությունը մեծ դեր ունի իր կյանքում. առաջին անգամ է լինում սարերում, իսկ Արարատն իր ողջ հմայնքով տեսնելը նվիրական ցանկություններից մեկն էր:
Բելառուս ուսանողը ծրագրի շրջանակներում բազմաթիվ վայրերում է եղել ու դեռ կլինի, բայց շտապում է իր տպավորությունները փոխանցել Ցեղասպանության և Մանկավարժական համալսարանի թանգարանների մասին` վստահեցնելով, որ Եղեռնի վերաբերյալ ամեն բառ անջնջելի հետք է թողել:
Անդրադառնալով տարբեր ազգեր հյուրընկալած համալսարանին` ՀՊՄՀ-ին, Յանա Դոբըշը չթաքցրեց. «Բուհն ունի բազում ստեղծագործ մտահղացումներ. շատ կցանկանայի կրթական փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել Մանկավարժականում»:
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ուսանողներ Պետեր Բեդոքն ու Սաբո Քրիսթիանը մարտին եղել են Հայաստանում. իրենց հիշողություններում երկիրն անկրկնելի է, մարդիկ` ջերմ, ժպտերես և հյուրընկալ: Սաբո Քրիսթիանը հիացմունքով է նշում, որ բազում հետաքրքիր ձեռնարկներից կազմված ծրագրում ինքն ընդգրկված է «Տորք Անգեղ»` հզորություն խորհրդանշող թիմում է, որի բոլոր անդամները պատրաստ են հաղթահարելու բոլոր մարտահրավերները: «Մաղթում եմ, որ Հայաստանը երբեք չկորցնի ջերմ հյուրընկալությունը»-իր խոսքում նշեց հունգարացի մասնակիցը:
Պետեր Բեդոքը Հայաստանը սիրելու կարևոր պատճառ ունի, քանի որ ուսումը մագիստրատուրայում շարունակելու է հայագիտության բաժնում: old.aspu.am-ի հետ զրույցում վերջինս դժվարանում է խոսել ծրագրի տպավորություններից. ասելիքը շատ է, ամեն վայրկյանը` չմոռացվող հիշողություն:
«Շատ եմ սիրում Հայաստանն ու Արցախը»,-խոստովանում է Պետեր Բեդոքը և որպես ապացույց մատնանշում իր սենյակի պատուհանը զարդարող Արցախի դրոշը:
Մանկավարժական համալսարանի և ՀԵՀ-ի համագործակցությամբ արդեն 4-րդ տարին անցկացվող «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է բուհի Ուսանողական խորհրդի կողմից, որի նախագահ Ներսիկ Մարգարյանը old.aspu.am-ի հետ զրույցում ամփոփեց ծրագրի անցած 5 օրերը` վստահեցնելով` այս օրերին մասնակիցների միջև չկան սահմաններ. «Ծրագրի հիմքում ընկած են ազգերի միասնության, համերաշխության, մարդասիրության, հավասարության, ընկերասիրության և կարևորագույն այլ գաղափարներ»:
Ներսիկ Մարգարյանը կարևորեց տարեցտարի օտարերկրյա մասնակիցների թվի ավելանալը, ինչը հնարավորություն է տալիս առավել լայն շրջանակներում ներկայացնել Հայաստանն ու Արցախը, նրանց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:
ՈւԽ-ի նախագահը հավելեց նաև, որ ծրագրի բազում հետաքրքրաշարժ ձեռնարկների շարքում այս տարի ներմուծել են ազգային խոհանոցի օր, ինչը ևս մեկ անգամ կմիավորի «Ամառային դպրոց»-ի բազմալեզու մասնակիցներին:
Նշենք, որ ծրագիրը կշարունակվի մինչև օգոստոսի 19-ը: