...Ու լսվեց հրաման.
Պետք էր պաշտպանել,
Գրավյալ հողերը մեր ազատագրել:
Ու նետվեց առաջ զինվոր պատանին
Նամակը դրած ծոցագրպանին,
Հակառակորդի սահմանին կանգնած՝
Երազեց զոհվել, բայց հերոս դարձած:
Չէ, ես չեմ ընտրել տխուր վերջաբան,
Վայելում է նա հիմա իր ներկան
Մոր կողքին նստած, զավակին գիրկն առած
Պատմում էր կռվի օրերը անցած:
Օտար լեզուների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նարե Ենոքյանը բանաստեղծությունը գրել էր դեռ մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա գործողությունների օրերին, սակայն առիթ չէր եղել այն բարձրաձայնելու:
Ֆակուլտետի և Գերմանական լեզուների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կանանց, մայրերին նվիրված միջոցառում, որին ներկա էր նաև Անահիտ Գասպարյանը՝ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Հայկ Թորոսյանի մայրն ու ինքը՝ հերոսը:
Ցերեկույթի ընթացքում ապագա մանկավարժները խոսեցին կնոջ դերի կարևորության մասին՝ ներկայացնելով փաստեր, որ պատմական մի շարք իրողություններում կինն ունեցել է շոշոփելի ձեռքբերումներ: Ուսանողները ներկայացրին նաև, թե կանայք ինչպիսի հաջողություններ են ունեցել այնպիսի ոլորտներում և մասնագիտական շրջանակներում, որոնք մինչ օրս հատուկ են միայն տղամարդկանց:
Ուսանողները կնոջ կարևորագույն առաքելությունը համարեցին մայր լինելը, բայցև վստահեցրին, որ հայ կանանց ու մայրերին բնորոշ գեղեցիկ, նուրբ, խելացի և զգայուն հատկանիշների կողքին պարտադիր պիտի նաև հերոսությունը լինի. ապացույցը՝ զինվորների մայրերը:
Ո՞վ է հերոս. հայրենիքը կյանքի գնով պաշտպանող քաջորդի՞ն, թե՞ նրան ծնող մայրը. հարցադրումը ներկաների մոտ ուներ միևնույն պատասխանը՝ երկուսն էլ, որ հավասարապես արժանին են երախտիքի ու հարգանքի:
Հայկի մայրը հուզված է, հաճելիորեն զարմացած. ներկայիս երիտասարդությունն իր խոսքով ու գործով ուժ է տալիս, հպարտանալու առիթներ ստեղծում, իսկ ինքը՝ հերոսը, այսօր էլ նույնքան հպարտ է ու վստահ, որքան այդ օրը սահմանին: Հայկ Թորոսյանն արդեն ուսանող է, ապագա սոցիոլոգ, ուսանողների հետ հանդիպման ընթացքում զրուցեց նրանց հետ, պատասխանեց հետաքրքրող հարցերին, մի փոքր էլ՝ պատմեց այդ օրերի հիշողություններից:
Գերմանական լեզուների ամբիոնի վարիչ Ելենա Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության, իսկ հերոսի մորը՝ նման քաջորդի ազգին պարգևելու համար և Հայկին նվիրեց իր հեղինակած օտար լեզուների դասագիրք՝ հույս հայտնելով, որ նա կկատարելագործի գիտելիքներն ու կարողությունները նաև լեզուների իմացության գործում:
Միջոցառմանը ներկա էր նաև վիրավոր զինվորների ընտանքիներին աջակցող Վարսենիկ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ եղել է զինվորների և նրանց ընտանիքների կողքին այն գիտակցումով, որ առողջության և կյանքի գնով հայրենիքը պաշտպանած հայորդուն պիտի գնահատել՝ լինի խոսքով, թե գործով: Նրա խոսքով՝ նման միջոցառումները երկուստեք օգտակար են ու կարևոր. ուսանողները շփվում են հերոսների հետ, ամրանում ու գնահատում հայրենիքի ազատության գինը, իսկ նրանք հեռանում են գնահատված ու շնորհակալ, որ իրենց չեն մոռանում: