ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարարվեստի մանկավարժությունը՝ ՀՊՄՀ ամենապահանջված մասնագիտություններից
26.02.2024
Պարարվեստի մանկավարժությունը՝ ՀՊՄՀ ամենապահանջված մասնագիտություններից

Մանկավարժական համալսարանը միակ բուհն է, որ պատրաստում է պարուսույց-մանկավարժներ։ Արդեն շուրջ կես դար մասնագիտության շրջանավարտները Հայաստանում և նրա սահմաններից դուրս տարածում են հայկական պարը՝ դառնալով ազգային պարի յուրատեսակ դեսպաններ։

Պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը նաև «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։ Հպարտությամբ է նշում՝ համույթի հիմնական կազմը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, ներկայիս ուսանող կամ դասախոս։

«Նախորդ տարի ապագա պարուսույցները և բուհի դասախոսները «Բերդ»-ի հոբելյանը համույթի կազմում նշեցին արտասհամանյան շրջագայություններով և փառատոներին մասնակցությամբ։ Սա դասախոս-ուսանող համագործակցության լավագույն հարթակն է, ինչպես նաև բուհն ու մասնագիտությունը ներկայացնելու յուրատեսակ միջոց․ պրոֆեսիոնալ բեմը ուսանողներին հնարավորություն է տալիս լավագույնս ձեռք բերել մասնագիտական կարողություններ ու հմտություններ»,-նշեց Կարեն Գևորգյանն ու վստահեցրեց՝ բոլոր հարթակներում հպարտությամբ են նշել, որ պարող-պարուհիները մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի ուսանող-շրջանավարտներ են։

Պարի երկարամյա դասախոսը նկատում է՝ պրակտիկ գործունեությունը լավագույն միջոցն է պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհին, իսկ որ ամենակարևորն է՝ պարարվեստի զարգացման համար հետաքրքիր օրինաչափություն կա․ պարային դպրոցներից երեխաները դիմում են ՀՊՄՀ հենակետային վարժարանի համապատասխան հոսք, ապա՝ Մանկավարժական համալսարան, որտեղից էլ «Բերդ» ու պրոֆեսիոնալ բեմեր։ Պարարվեստի ոլորտում սերունդների նման հերթափոխը կարող է հավաստել, որ հայկական պարը խոր արմատներ ունի և հուսալի ձեռքերում է։

Պրոֆեսոր Կարեն Գևորգյանն այն կարծիքին է, որ պարարվեստում բարձրագույն կրթությունը կարևոր է․ մի բան է լավ պարելը, մեկ այլ բան է դրանց տեսականորեն տիրապետելը՝ ամեն շարժման բովանդակությունը, մատուցման ձևը, եղանակը, հոգեբանությունը, արտահայտչամիջոցները։

«Այդ իմացությունը բեմի վրա վառ արտահայտվում է։ Եթե պարուսույցը պրոֆեսիանալ բեմերում չի պարել և հայկական պարը միջազգային բեմերից չի հանրայնացրել, չի կարող դառնալ հայկական պարը պրոպագանդող պարուսույց։ Նա պետք է իր արյամբ զգա հայկական պարը, որ կարողանա հետագայում լավագույնս սովորեցնի պարի այբուբենը»,-նշեց երկարամյա պարուսույցն ու այդ տեսանկյունից կարևորեց հատկապես Ֆրանսիայում պարի միջազգային փառատոնում «Բերդ»-ի կազմում աբովյանականների շռնդալի մասնակցությունը։

Անդրադառնալով արտասահմանյան համերգներին ու համագործակցություններին՝ Կարեն Գևորգյանը կարևորեց բուհի և պարի միջազգային կառույցների համագործակցությունը․2022-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի հրավերով Կարեն Գևորգյանն Արգենտինայում էր, որտեղ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի անունից համագործակցության հուշագիր ստորագրեց Բուենոս Այրեսի մշակութային համալսարանի հետ՝ երկուստեք կապեր ամրապնդելու, փորձի փոխանակում իրականացնելու համար։

Նա այդ համալսարանում կազմակերպեց վարպետության դասեր, պատմեց հայկական պարի մասին, իսկ այս տարի արդեն կկազմակերպվեն ուսանողների և դասախոսների փոխադարձ այցեր։ Ի դեպ, այս համագործակցության շնորհիվ Կարեն Գևորգյանը Բուենոս Այրեսի պարի պետական անսաբլում բեմադրել է հայկական ժողովրդական պարերի մեկ համար․ այսօր անսամբլն իր պարացանկում ունի ժողովրդական պարերի շարան, որը կատարում են մեր ազգային տարազներով։

Կարեն Գևորգյանն ուրախությամբ է փաստում նաև, որ շատ հաճախ համերգային հրավերներ են ունենում հենց բուհի շրջանավարտներից․«Լոս Անջելեսում էինք «Հայաստան» մշակույթի կենտրոնի հրավերով։

Կենտրոնի տնօրենը, հետո նաև նրա տղան ավարտել են Մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժինը, և արդեն 25 տարի նրանք հայրենիքից հեռու ապրեցնում են հայկական պարը՝ ավանդույթները փոխանցելով եկող սերունդներին»։

Կարեն Գևորգյանն ափսոսանքով է նկատում՝ հեռավար կրթություն իրականացնելու հնարավորություն չկա, ինչի հետևանքով արտասահմանում ապրող և ստեղծագործող բազմաթիվ պարուսույցներ չեն կարողանում ուսում ստանալ, վերապատրաստվել Մանկավարժական համալսարանում։

«Ուրախալի է, որ բուհն ընդլայնում է միջազգային համագործակցությունը։ Կրկնակի կարևոր է այդ համատեքստում ներգրավել նաև սփյուռքի պարախմբերի ղեկավարներին, որը կբարձրացնի հայկական պարը տարածող ուսուցիչների պատրաստվածությունը, մակարդակը, կատարողական հմտությունները և տեսական գիտելիքները»,-նշեց Կարեն Գևորգյանն ու հպարտությամբ հավելեց՝ հայ պարը ներկայացվել է նաև Բրազիլիայում, երբ տեղի Պարերի ուսուցման միջազգային կենտրոնի հրավերով 8 օր Սալվադորում շուրջ յոթ տասնյակ պարագետների և պարասերների համար կազմակերպվեցին վարպետության դասեր։

Այսօր էլ Պարարվեստի մասնկավարժության բաժինը շարունակում է մնալ Մանկավարժական համալսարանի ամենապահանջված և մրցունակ մասնագիտություններից։ Ուսանողներն ու դասախոսները ներգրավված են պրոֆեսիոնալ բազմաթիվ համույթներում, հանդես են գալիս և հայկական պարը ներկայացնում բազմաթիվ միջազգային մրցույթներում և փառատոններում։

Արդեն ավանդույթ է, որ Մանկավարժական համալսարան այցելած հյուրերի համար կազմակերպված ոչ մի ձեռնարկ չի անցկացվում առանց ապագա պարուսույցների կատարումների, իսկ մասնագիտության ավարտական քննությունը վաղուց արդեն դարձել է մշակութային սպասված իրադարձություն մշակութասեր հանրության համար։