ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրումներ Բանասիրական ֆակուլտետում
05.12.2022
Պարգևատրումներ Բանասիրական ֆակուլտետում

«Բանասիրական ֆակուլտետն առանցքային նշանակություն ունի Մանկավարժական մայր բուհի համար․ դրա վկայությունն է նաև վերջերս պետական և գերատեսչական պարգևների շնորհումը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին։ Ձերն է լեզուն և մայրենին անաղարտ պահելու, հայրենասիրության ամենավսեմ զգացմունքներն արթնացնելու առաքելությունը, ինչը սրբորեն փոխանցում եք ապագա մանկավարժներին, որոնք էլ գիտակցաբար ստանձնում են այն։ Ֆակուլտետն այսօր էլ շարունակում է իր նախորդների սկսած՝ հայ կերտելու և ազգի ինքնությունը պահպանելու սրբազան գործը, ինչը տալիս է իր պտուղները»,-այսօր ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևների հանձնման արարողությանը նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Ռեկտորը գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց պրոֆեսորներ Մարտին Գիլավյանին և Էդուարդ Մկրտչյանին։

Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Սուրեն Դանիելյանը, Վազգեն Համբարձումյանն ու Գայանե Խալաթյանը։

Պրոֆեսոր Աշոտ Գալստյանն ու դոցենտ Լիլիթ Հովսեփյանը անբասիր աշխատանքի համար պարգևատրվեցին ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով։

Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար Բանասիրական ֆակուլտետի մի խումբ դասախոսներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։

«ՀՊՄՀ-ն երանելի օրեր է ապրում․ Մանկավարժականը 100 տարեկան է, և այդ տարեգրության մեջ իր ուրույն ձեռագիրն ունի Բանասիրական ֆակուլտետը։ 1930 թվականին կազմավորված ֆակուլտետն ունեցավ իր դեմքն ու դիմագիծը։ Ֆակուլտետում աշխատել են այդ ժամանակի երևելիներ Աշոտ Աբրահամյանը, Պարույր Սահակյանը, Վաչե Պարտիզունին և այլք, որոնց առջև մենք այսօր խոնարհվում ենք»,- պարգևների հանձնման արարողության ժամանակ նշեց ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու հավելեց՝ այսօր պահն է գնահատելու, արժևորելու Բանասիրական ֆակուլտետի գործունեությունը, մեկ անգամ ևս հայացք ձգելու անցյալին՝ այդ խոշոր ժառանգությանը, նայելու առաջ՝ կրթելու մեր վաղվա ուսուցչին, որ պետք է մտնի հայոց դպրոց և շարունակի իր դասը՝ մարդակերտումի, հայրենասիրության և ազգային վեհ գաղափարների։

Պարգևատրման արարողությունն ուղեկցվեց ֆակուլտետի դասախոսական կազմի հեղինակած գիտամեթոդական ձեռնարկների ցուցադրությամբ և ֆակուլտետի ուսանողների հայրենասիրական ասմունքով։