Մանկավարժական համալսարանում շարունակվում է բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևների հանձնման արարողությունը։
Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և ՀՊՄՀ-ի հիմադրման 100-ամյակի առթիվ այսօր պարգևատրվեցին Կրթության հոգաբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մի խումբ դասախոսներ։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը «Մանկավարժական համալսարան» մեդալն առաջինը հետմահու շնորհեց բուհում սոցիոլոգիայի ոլորտի հիմնադիր Յուրի Գասպարյանին, այն հանձնելով պրոֆեսորի որդուն։
Երկարամյա աշխատանքի և հոգեբանության ոլորտում ունեցած ներդրման համար «Մանկավարժական համալսարան» մեդալ շնորհվեց նաև պրոֆեսորներ Վլադիմիր Կարապետյանին, Կամո Վարդանյանին, ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանին, դոցենտներ Լուսիկ Քյուրքչյանին, Հասմիկ Պետրոսյանին և Լիդա Արամյանին:
Երիտասարդ մասնագետների պատրաստման գործում, գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար համալսարանի 100-ամյակի հուշամեդալներ ստացան դոցենտներ Սոնա Մակիչյանը, Գայանե Խաչիկյանը, Մարիաննա Ավետիսյանը, Լևոն Սարգսյանն ու Զարզանդ Ասատրյանը:
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր խոսքում նկատեց՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը համալսարանի առանցքային կառույցներից է․ այստեղ հոգեբանների տարբեր սերունդներին ոչ միայն կրթել են ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, այլև մարդիկ, որոնք ստեղծել են հոգեբանական տարբեր ուղղությունների իրենց դպրոցը։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ինքն էլ ոլորտում առաջին քայլերը սկսել է այս ֆակուլտետից։ Տասնամյականեր անց էլ հիշողությունները թարմ են ինչպես ուսանողական տարիների, այնպես էլ աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Հայաստանում առաջին կին դոկտոր Էմմա Ալեքսանդրյան, պրոֆեսորներ Յուրի Գասպարյան, Սամվել Խուդոյան, Վլադիմիր Կարապետյան և այլք․ հիշատակելով ֆակուլտետի նվիրյալներին ու անհատականություններին, որոնք ծավալել են մասնագիտական բուռն գործունեություն, պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ վերջիններս մեծ ներդրում են ունեցել ոչ միայն հոգեբանության տարբեր ոլորտների մեթոդական, այլև կիրառական ոլորտի զարգացման գործում։
Դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ համալսարանը մտածողության ժամանակի մեքենա է, գիտելիք գեներացնելու լաբորատորիա և արվեստանոց, վայր, որտեղ երիտասարդությունն ու հասունությունը հանդիպում է մեկ լսարանային մտածողության մեջ․«Մտածողությունը վերադառնում է հեռահար որոնողական շրջագայությունից՝ կիսելու այն, ինչ գտել է իր հետ, բայց արդեն երկու դեմքով՝ դասախոսի և ուսանողի։ Մեր դարբնոցում գիտելիքը միշտ է գնահատվել և հետագա ընթացք է ստացել։ Բուհում բոլորը ակտիվ գործող ժամանակակիցներ են, և մեր առաքելությունն է պահելով հինը, արժևորելով ստեղծածը, պատշաճ կատարել մեր աշխատանքը՝ դիմագրավելով նաև ներկայիս մարտահրավերներին»։
Դեկան Պետրոսյանը ներկայացրեց ֆակուլտետի ստեղծման ու զարգացման պատմությունը, դրա դերակատարումը մեկդարյա բուհի կյանքում։ Նա վերհիշեց նաև հոգեբանական մտքի զարգացման, կրթական համակարգում հոգեբանամանկավարժական կադրերի պատրաստման գործում անգնահատելի ու անձնվիրական գործունեություն ծավալած մեծանուն նվիրյալներին։
Վերջիններիս ուղղված երախտագիտության խոսքեր ասացին և ամբիոնների ստեղծման ու զարգացման պատմությանն անդրադարձան նաև Գայանե Խաչիկյանը, Լևոն Սարգսյանը, Մարիաննա Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ իրենց գործունեությամբ կշարունակեն զարգացնել նախորդների գիտակրթական ավանդն ու նվիրական աշխատանքը։