ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար պարգևներ, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց Կուլտուրայի ֆակուլտետի դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներին։
Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Հակոբ Ավետիքյանը, Աիդա Հովհաննիսյանն ու դոցենտ Գոհար Աբրահամյանը։
«Կուլտուրայի ֆակուլտետը մշակութային կրթության առաջատարն է․ մերօրյա նվիրյալների շնորհիվ է, որ պահպանվում է երախտավորների թողած հսկայական ժառանգությունն ու շարունակվում մշակութային լավագույն ավանդույթները»,- նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը պատշաճ կազմակերպելու համար։
Ռեկտորն ընդգծեց՝ ունենք արդյունք, խնդիրներ, նվաճումներ ու բացթողումներ․մշակույթը հատուկ իմացական ոլորտ է, որն ունի արժեբանություն և որի ներքո պետք է դիտարկել հայի ինքնության ու մշակութային տեսլականը:
Այդ առումով Սրբուհի Գևորգյանը կարևորեց լեզվի, պատմության, մշակույթի տիրույթը, որում ստեղծված հարացույցը պետք է դառնա բուհի հաջորդ 100-ամյակի գործունեության հիմքը:
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը նկատում է՝ բուհի մեկդարյա հոբելյանը նշանակալի իրադարձություն է․պատիվ է ներկա գտնվել այդ առթիվ անցկացվող տարատեսակ ձեռնարկներին․«ֆակուլտետը կեսդարյա պատմություն ունի․ տարբեր ոլորտների երախտավորներ են իրենց գործունեությունը ծավալել այստեղ․ այսօր էլ՝ հանրապետության լավագույն մշակութային գործիչներն աշխատում են ֆակուլտետում։
«Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրված պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ֆակուլտետի դասախոսական կազմի համար բուհը սոսկ աշխատատեղ չէ․ "մենք ծառայում են հայրենիքին, բուհին և արվեստին":
Հակոբ Ավետիքյանն էլ ընդգծում է՝ շուրջ կես դար զբաղվում է մանկավարժությամբ, գրեթե նույնքան, լրագրության ոլորտում է։
Ընդգծում է՝ լրագրության ասպարեզում արժանացել է բազմաթիվ մրցանակների. մանկավարժության ոլորտում առաջին պարգևն է: Ցավով է նկատում՝ մեր երկրում ուսուցիչն անտեսված է․ այնինչ, երբ գնահատվում է նրա կատարած աշխատանքը, նշանակում է, որ ազգն ապրում է:
Պարգևատրման արարողությունն ուղեկցվեց Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի նվագախմբերի կատարումներով։