Մանկավարժական համալսարանի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևատրումները շարունակվում են։
Գիտական խորհրդի որոշմամբ՝ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ՀՊՄՀ բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց գործընկեր բուհի՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի պրոֆեսոր Ռաունի Ռազանենին։
Ռեկտոր Գևորգյանը նշեց՝ նրանց թիմային աշխատանքի արդյունքում՝ բուհում վերանայվեցին, բովանդակային փոփոխություններ ունեցան մասնագիտական կրթական ծրագրերն ու առարկայական նկարագրերը, իսկ փոխանակման ծրագրերի շրջանակում՝ ձեռք բերվեց փորձառություն։
Ռեկտորը համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պագրատրեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանին, դեկանի տեղակալ Ազգանուշ Ասատրյանին, դոցենտներ Սվետլանա Ադամովային և Արմեն Ագուլյանին։
Գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին պրոֆեսոր Նաիրա Դալյանը, դոցենտ Էվելինա Բայաթյանն ու դասախոս Նուշիկ Հայրապետյանը:
Տիգրան Միքայելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ բազմազբաղ ու լարված այս ժամանակաշրջանում մանկավարժության ոլորտի նվիրյալներին գնահատելու և պարգևատրելու համար։
Դոցենտ Միքայելյանը վստահ է՝ ցանկացած պարգև, հատկապես մանկավարժության ոլորտում, բոլորինն է և թիմային աշխատանքի արդյունք։
Սրբուհի Գևորգյանը, շնորհավորելով մեկդարյա բուհի հոբելյանի առթիվ, ընդգծեց՝ ներկաներից յուրքանչյուրն իր ներդրումն ունի բուհի ավանդույթների պահպանման, զարգացման գործում, ձեռքբերումներում և նվաճումներում․«Սերնդի պատրաստումը, կրթությունը, սոցիալականացումն այն կարևորագույն ոլորտն է, որի լուծումն ապահովում է երկրի անվտանգությունը։ Այն կերտում է վաղվա քաղաքացուն, ձևավորում արժեհամակարգ, ուրվագծում կարողություններ, ներուժ, որոնց շնորհիվ լինում են կամ ձեռքբերումներ կամ պարտություններ։ Ֆակուլտետն ունի հզոր ներուժ, մշակած մեթոդիկա, իսկ պրոֆեսորադասախոսական կազմն առանձնանում է մասնագիտական ոլորտում իրեն բնորոշ ձեռագրաբանությամբ, անհատական ներազդման կարողությամբ, հարցերի ու խնդիրների նկատմամբ որակական մոտեցումներով»,-նշեց ռեկտորն ու հավելեց՝ կրթական համակարգի մեթոդաբանությունը, որը մշակում է Մանկավարժական համալսարանը խիստ կարևորված է։
Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար՝ ֆակուլտետի դասախոսներն արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։