ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվեցին․․․
06.12.2022
Պարգևատրվեցին․․․

Այսօր համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրեց Սկզբնական կրթության ֆակուլտետի պրոֆեսորներ Ջուլիետա Գյուլամիրյանին, Սվետլանա Մարությանին, դոցենտներ Լուսինե Պողոսյանին, Քնարիկ Հովհաննիսյանին, Լիլիթ Տեր-Գրիգորյանին և Արմինե Միքայելյանին։

Մանկավարժական համալսարանի մեկդարյա հոբելյանի առթիվ պարգևների հանձնման արարողությանը նույն ֆակուլտետի դոցենտներ Արմինե Մանուկյանն ու Արմինե Դալլաքյանն անբասիր աշխատանքի համար պարգևատրվեցին ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով։

«Սկզբնական կրթության ֆակուլտետը բուհի ձևավորման ակունքներում է․ հիմնադիր ֆակուլտետներից, որն իր նվիրյալների շնորհիվ այսօր էլ հնարավորություն ունի վայելելու հարյուրամյա պատմության ողջ ընթացը։ Մեկդարյա հոբելյանը եզակի իրադարձություն է, բուհի պատմությանն ու տարեգրությանը հաղորդակից լինելու կարևոր շրջան։ Այսօր նաև այն երախտավորների տոնն է, որոնց ներդրման, գործունեության, երազանքների և ժառանգության շնորհիվ ֆակուլտետը լավագույնս շարունակում է իր առաքելութունն ու նոր նշաձող սահմանում»,- պարգևատրման արարողությանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Ռեկտորը նկատում է՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի և Մանկավարժության ամբիոնի սերտ ու ներդաշնակ համագործակցության արդյունքում պետք է հասկանալ հաջորդ հարյուրամյակում բուհի գործունեության նոր տեսլականն ու մանկավարժության ոլորտի կարևորագույն խնդիրները, որոնց լուծման շնորհիվ կկազմակերպվի հայ քաղաքացու կրթության, դաստիարակության, աշխարհում իր դիմագիծն ունեցող և սոցիալական ձեռագրաբանությամբ հանդես եկող անձի ձևավորումը։

Մասնագիտական գործունեության, բարեխիղճ և արդյունավետ կատարման համար ռեկտորը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց նաև Սկզբնական կրթության մի խումբ դասախոսների՝ բարձր գնահատելով ֆակուլտետի ներուժը, կարողություններն ու վաստակը։

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանն իրենց աշխատանքը գնահատելու և արժևորելու համար։

Դեկանն ընդգծում է՝ ֆակուլտետում աշխատում են պատասխանատու, պարտաճանաչ, լուսավոր, խելացի ու ստեղծագործ մասնագետներ, որոնց համար պարգևներ ստանալը հաճելի, և, միաժամանակ, առավել քան պարտավորեցնող է։ Լիահույս է՝ կշարունակեն ողջ եռանդն ու ներուժը ներդնել ի բարօրություն Մանկավարժականի։

Հեղինե Խաչատրյանը Սկզբնական կրթության ֆակուլտետի մեծ ընտանիքի բարեկամ լինելու համար ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ հավաստագրեր և 100-ամյակը խորհրդանշող հուշամեդալներ հանձնեց ռեկտորատի ներկայացուցիչներին։

Պարգևատրման արարողությունն ուղեկցվեց պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գիտամեթոդական ձեռնարկների ցուցադրությամբ։

Ներկաները նաև դիտեցին նախադպրոցական հաստատությունների սաների և կրտսեր դպրոցականների մասնակցությամբ ֆակուլտետի, մանկավարժի մասնագիտության և 100-ամյա Մանկավարժական բուհի գործունեության մասին պատմող ուսանողական տեսաֆիլմ, որին հաջորդեց խորհրդանշական բարեմաղթանք-բացիկների անակնկալը ֆակուլտետի աշխատակիցներին։