Այսօր ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Տիգրան Թանգամյանին։
Համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պագրատրվեց պրոֆեսոր Աշոտ Բաբախանյանը, իսկ անբասիր աշխատանքի համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով՝ պրոֆեսորներ Գևորգ Կարապետյանն ու Սամվել Պիպոյանը։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դիտարկմամբ՝ ֆակուլտետը մեկդարյա պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն է ունեցել․ բնագետների պատրաստման գործընթացը համալսարանի առաքելության ներքո անփոփոխ է, և այսօր էլ, անկախ մանկավարժության մեթոդաբանության և հայեցակարգերի փոփոխություններից, դրա կարևորությունը չի նվազում նաև դպրոցի համար այդ ոլորտի մասնագետների պատրաստման առումով։
Դեկան Ռուզաննա Սադոյանը նկատում է՝ բուհի 100-ամյա կենսագրության մեջ ֆակուլտետն ունի 85 տարվա պատմություն․ այստեղ են դասավանդել գիտության և կրթության մեծ երախտավորներ, նվիրյալներ։ Նա ընդգծեց՝ անկախ տարատեսակ կառուցվածքային փոփոխություններից, ֆակուլտետն ունի հարուստ ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչ օրս։
Ռուզաննա Սադոյանը բազմավաստակ մանկավարժներին մաղթեց երկար տարիների արգասաբեր գործունեություն, որ շարունակեն ողջ ներուժով իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել բնագիտական ոլորտի 3 կարևոր ուղղությունների զարգացմանը, մատաղ սերնդի կրթմանն ու դաստիրակամանը․«Մենք պետք է շարունակենք բուհի և ֆակուլտետի բարի ավանդույթներն և անշեղորեն հետևենք կրթության գործընթացին․ մանկավարժի առաքելությունը պատասխանատվություն է ոչ միայն մասնագետի կայացման, այլև սերունդների, պետության, ազգի ապագայի համար»,-նշեց նա։
Պրոֆեսոր Թանգամյանը, որ կյանքի 60 տարին անցկացրել է Մանկավարժական համալսարանում, նկատում է՝ ուսանողական տարիներից մինչ օրս բուհի վերելքն ակնհայտ է։ Խոստովանում է՝ գերատեսչական բազմաթիվ պարգևներ ունի․ այսօրվա պարգևատրումն իր համար այլ խորհուրդ է պարունակում և եղածների մեջ բարձրագույնն է։
Պրոֆեսոր Սամվել Պիպոյանն էլ հավելում է՝ որպես գիտնական ձևավորվել է այս բուհում․ իր ամենալուրջ գիտական ներուժը ձևավորվել է բուհի օժանդակությամբ։
Ցավով է նկատում, որ մեր օրերում բնագիտության ոլորտը անտեսված է, իսկ գիտնականի կարգավիճակը կենսաբանության ոլորտում այլևս գրավիչ չէ։ Լիահույս է, սակայն, որ նվիրյալների շնորհիվ և պետական աջակցությամբ հնարավոր կլինի վերականգնել գիտության երբեմնի փառքը․ սա նաև երկրի անվտանգության հարց է։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մասնագիտական գործունեության բարեխիղճ և արդյունավետ կատարման համար պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներին։
Պարգևատրման արարողությունն ուղեկցվեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած գիտամեթոդական ձեռնարկների ցուցադրությամբ։