Կայացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀՀ բուհերի 102 ուսանող.մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ գլխավոր մրցանակ՝ «Գրան պրի», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ մասնակից»:
Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Ինֆորմատիկա բաժնի ուսանողուհի Սոֆիա Թովմասյանը մրցույթում արժանացել է «Լավագույն բակալավր» անվանակարգի 2-րդ կարգի մրցանակի:
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել ու խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին:
Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ակտիվ են նաև համայնքային ծրագրերում: