ՀՊՄՀ-ի Պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի ավարտական քննություն-համերգը յուրատեսակ հաշվետվություն է ներկայացնելու ապագա պարուսույց-մանկավարժների և բալետմայստերների նոր սերնդի մուտքը պրոֆեսիոնալ պարարվեստ:
«Գիքորը», «Երևանը մենք ենք», «Հարսնացուն հյուսիսից», «Մինասի գույները», «Ոգու մարտակոչ», «Քաջ Նազար», «Պարում է Հայֆիլմը», «Խոշոր շահում» և այլն․այս տարիներին բեմադրվել են յուրօրինակ պարային խորեոգրաֆիկ ներկայացումներ, որոնք արժանացել են հանձնաժողովի և հանդիսատեսի բարձր գնահատականին։
Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «պարեց» նաև երգը․Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Պարում է հայ աշուղական երգը» խորագրով ավարտական քննություն-համերգը՝ «Նարեկացի» նվագախմբի կենդանի նվագակցությամբ:
Ծրագրում ընդգրկված էին 5 դասական աշուղի՝ Սայաթ-Նովայի, Հավասու, Աշոտի, Շերամի և Ջիվանու 16 սիրված ստեղծագործություններ, որոնք ներկայացվեցին պարի լեզվով՝ տարազների շքեղ բազմազանությամբ:
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն է, կուրսի ղեկավարը՝ Սուրեն Խաչատրյանը, փորձավար-պարուսույցը՝ Սյուզաննա Մխիկյանը։
Բացառիկ համերգ-ներկայացումն ուղեկցվեց աշուղական մշակույթի, աշուղների կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմով։
Հանդիսատեսը պարի լեզվով վայելեց մեր օրերում ապրող Սայաթ-Նովայի հեզաճկուն ու նրբակերտ պարերի ոսկե շղթան՝ «Յարեն էրված», «Արին ինձ անգաջ կալ», «Քամանչա», «Բրոյի», Հավասու պայծառ երգերում առկա ներքին շարժումը, որն արտահայտվեց «Գարուն եկավ», «Գովք յարիս», «Սիրուն պատանի» համարներում, իսկ Սյունյաց Գողթանի ոգին, որ թևածում է Հայոց աշխարհի անմատչելի բարձունքներում և այնտեղից հետևում է մեզ, «պարեց» աշուղ Աշոտի «Սարի սիրուն յար», «Լուսնի շողով» բեմականացումներում։
Միայն իսկական բանաստեղծության մեղեդին կարող է վերածվել մի այլ հրաշքի, որ կոչվում է պար․պարարվեստի մանկավարժները ներկայացրին նաև Շերամի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված պարային բեմադրությունները՝ «Սիրուն ես հոգյակ», «Անուշ յար», «Մարալ ջան», «Գիշեր-ցերեկ», իսկ համերգ-ներկայացումն ամփոփվեց աշուղական արվեստի հայկական դպրոցի հիմնադիր Ջիվանու «Ավարայրի դաշտ» ստեղծագործությամբ․ այս հայրենաշունչ երգն արժանի էր նաև պարի լեզվով ներկայացվելուն։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ողջ համակազմի անունից շնորհավորեց շրջանավարտներին՝ ընդգծելով՝ տաղանդաշատ ներկայացումը գեղագիտական ճաշակի, մասնագիտական բարձր որակաների և գործնական կարողությունների ամբողջություն էր, որ փոխանցեց լավ տրամդրություն և ջերմություն։
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Կարեն Գևորգյանին և Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի անձնակազմին՝ հրաշալի մտահղացման, բազմաչարչար աշխատանքի և հերթական բացառիկ աշխատանքը որակով ներկայացնելու համար։
Նա բարձր գնահատեց նաև շրջանավարտների մասնագիտական ձեռքբերումները, որակական զարգացումներն ու գործնական հմտությունները, որոնք դրսևորվեցին համերգ-ներկայացման ընթացքում։ Վստահ է՝ պարուսույցները, տաղանդաշատ մանկավարժները, իսկ որոշ դեպքերում նաև անհատ ստեղծագործողներն իրենց արժանի տեղը կգտնեն հայկական պարավեստի բարձր հարթակներում։
Պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը շնորհավորեց շրջանավարտներին և նշեց՝ ամեն տարի հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են։ Նա ընդգծեց ուսանողների կատարած հսկայածավալ աշխատանքը, անմնացորդ նվիրումը, հետևողական և ստեղծագործական գործունեությունը, կարգապահությունը, ինչն էլ գերազանց գնահատեց հանդիսատեսը։
Նշենք, որ Պարարվեստի մանկավարժության ամփոփիչ ատեստավորման քննությունը գնահատում էր հանձնաժողովը։