ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուկտետի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանը տոնեց յուրովի. ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ որոշվեց հոբելյանին նվիրված ամբիոնի գործնական սեմինարն անցկացնել Հայաստանի անկախության երկու նվիրյալ զավակների՝ Պարույր Սևակի և Վազգեն Սարգսյանի տուն-թանգարաններում:
Հունիսի 4-ի առավոտյան ամբիոնի բոլոր անդամներն ուղևորվեցին Արարատի մարզ:
Հայրենիքը հայրենիք է դառնում և այդպես ընկալվում, երբ այն շոշափելի է. այս մասին էին ամբիոնի անդամները զրուցում և մի ներքին հպարտությամբ հիանում Մասիսի այդ օրվա հրաշալի տեսքով, նրա փեշերին փռված խաղողի այգիներով, հպարտ լեռներով: Օրն իսկապես տոնական էր: Այն ավելի ոգևորիչ դարձավ, երբ Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն գյուղում վայրի մասրենիների և զմրուխտ կանաչի մեջ հաստատված տուն-թանգարանի բակում ոգևորված դեմքերով և խանդավառ դպրոցականների խմբեր տեսանք: Թանգարանն այցելուներին դիմավորում է Պարույր Սևակի ասույթներն անմահացնող ցուցանակներով և հրաշալի պուրակով: Թանգարանի մթնոլորտը մեզ տեղափոխում է իր ժողովրդի վաղվա օրվա համար անհանգիստ զավակի աշխարհը:
Ցուցանմուշներն ամփոփում են փաստաթղթեր, նկարներ, արխիվային նյութեր, գրքեր և կենդանացնում Պ. Սևակի մտորումները, անհանգստությունները, ոգևորությունները: Ամենատպավորիչը, սակայն, թանգարանի ողջ դիմային պատը զբաղեցնող Սարգիս Մուրադյանի 1985-86թթ. արած որմնանկարն է, որը թանգարանի այցելուներին տեղափոխում է Սևակի աշխարհը՝ ծնունդից մինչև մահ և անմահություն. սիմվոլիկ պատկերներն ամբողջացնում են ծնողներին նվիրված ջերմ զավակի, ազատախոհ մարտիկի, անխոնջ փնտրողի և ազգի նվիրյալ բանաստեղծի ամբողջ ներաշխարհն ու ապրած կյանքը. որմնանկարում պատկերված են նաև Պարույր Սևակի հետ առնչություն ունեցած հայազգի զավակներ՝ Համո Սահյան, Մարտիրոս Սարյան, Հրանտ Մաթևոսյան, Արամ Խաչատրյան և այլք: Ամբիոնի անդամներն այցելեցին նաև Պարույր Սևակի տան այգում գտնվող նրա գերեզմանին:
Այցելությունը Արարատ գյուղում գտնվող Վազգեն Սարգսյանի թանգարան նույնպես խորհրդանշական էր. այն Հայաստանի անկախության կերտման վկայությունն է և հրաշալիորեն ներկայացնում է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կենսագործունեությունը շատ կենդանի: Ցուցանմուշների կողքին այցելուները կարդում են տարբեր տարիներին սպարապետի արած դիտարկումները անկախության, պետականության կերտման, բանակի, Հայաստանի ապագայի վերաբեյալ: Հետաքրքիր էր նկատել, որ անվերապահորեն բոլոր նկարներից մեզ և այցելու դպրոցականներին ժպտում է կենսախինդ, ջերմ, միաժամանակ նաև գործունյա և բանիմաց քաղաքական գործիչը: Տպավորիչ էին թե՛ համախոհների կողմից արված նվերների հավաքածուն, թե՛ սպարապետի անձնական անկյունը ներկայացնող ցուցանմուշները, թե՛ նրա գրասեղանն ու գրադարանը... գրիչն ու զենքն իրար կողքի:
Ամբիոնի վարիչ Ա. Դոլուխանյանը ամբիոնի անունից գրառում կատարեց հուշամատյանում՝ կարևորելով, որ թանգարանը լիովին պատշաճում է հայ ժողովրդի ազատությանն ու անկախությունը կռած հերոս հայորդուն:
Թանգարանը հրաշալիորեն ընդգծել է Վագեն Սարգսյան գործչի նաև մտահոգությունները նորանկախ երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ և դրանց լուծման ճանապարհները: Այն սթափման կոչ է անում և մղում խնամքով վերաբերվել դարեր շարունակ սպասված և թանկ գնով ձեռքբերված նվերին՝ հայ ժողովրդի անկախությանը. «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից մահապարտներ, որոնք գնալու, կռվելու են ամենա-ամենադժվարին ճակատում: Վաղը չէ մյուս օրը, եթե մենք հավաքվեցինք ու կարողացանք 500-հոգիանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, հաղթելու ենք. 15.08.1992թ.»,- գրել է հերոս սպարապետը:
Հայ հին և միջնադարյան գրականության
և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի
դոցենտ Լիլիթ Հովսեփյան