Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հենակետային վարժարանի (ավագ դպրոց) պատմագետների ակումբի առաջին գիտաժողովը՝ «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով:
Նորաստեղծ ակումբում ընդգրված է վարժարանի 10-12-րդ դասարանների շուրջ 55 աշակերտ.նրանցից այսօր զեկույցներով հանդես եկավ 15-ը՝ ներկայացնելով Հայաստանի 12 մայրաքաղաքների մասին պատմություններ և ուշագրավ փաստեր:
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում ստեղծված ակումբի հիմնադրումը պատահական չէ.նախաձեռնողները Մանկավարժականի Հայոց պատմության ամբիոնի դոցենտներ, պատմական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր Արմինե Եփրիկյանն ու Սամվել Պողոսյանն են:
Վերջիններս պատմության դասեր են տալիս նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանում՝ կրտսեր սերնդին ծանոթացնելով հայոց պատմությանն ու Հայաստանի պատմամշակութային օջախներին:
«Շատերիդ կյանքում սա առաջին գիտաժողովն է, որի միջոցով փորձելու եք գիտական թեմայի շրջանակում ներկայացնել որևէ հետաքրքիր բան: Գիտական մեծ նորույթներ դժվար թե լինեն, սակայն սերն առ գիտություն սկսվում է այստեղից, ինչը գուցե շատերին ուղղորդի դեպի գիտության աշխարհ»,- ողջույնի իր խոսքում նշեց Սամվել Պողոսյանը:
Արմինե Եփրիկյանն էլ վստահեցրեց՝ առաջիկայում անելիքները շատ են. արդեն իսկ կազմակերպված արշավներին, գիտաժողովին կհաջորդեն նոր ու առավել հետաքրքիր ծրագրեր:
Լրագրության հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանը դպրոցում փակցված հայտարարությունը տեսնելով շտապել է գրանցվել սեփական պատմության մասին ամեն ինչ իմանալ ցանկացողների ակումբում:
Գիտաժողովին ներկայացնելու է Շիրակավան մայրաքաղաքի պատմությունն ու դրա հետ կապված իրադարձություները: Վստահ է՝ Բագրատունիների թագավորության կենտրոնի մասին տարբեր աղբյուներից հավածաք փաստերը կհետաքրքրեն ընկերներին՝ նրանց համար դառնալով նոր բացահայտումների աղբյուր:
Հայաստանի Հանրապետության ներկայիս մայրաքաղաքի՝ Երևանի 2799-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակվեց մեր երկրի վարչաքաղաքական, տնտեսական, կրոնական-մշակութային կենտրոնների մասին պատմող զեկույցներով, որոնք ուղեկցվեցին պաստառներով և տեսասահիկներով: