«Զանգվածային հանցագործությունները երկու համաշխարհային պատերազմների ընթացքում. համեմատական քննություն» թեմայով Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը:
Վերջինս անդրադարձավ 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության դեմ իրականացված հանցագործություններին՝ նշելով. «Ազգայնամոլական գաղափարները թուրքերը վերցրել են Եվրոպայից՝ մինչև Հայոց ցեղասպանության կազմակերպելը: Երբ այն դարձավ գործողությունների իրականացված մոդել, նացիստական Գերմանիան ծրագիրն իրականացրեց արդեն հրեաների դեմ»,-նշեց պատմաբանն ու համեմատականներ անցկացրեց նաև վերջին ոճրագործությունների միջև:
Ռայմոնդ Գևորգյանն իր գիտական ուսումնասիրությունները կատարելիս համոզվել է, որ բոլոր ժամանակներում ցեղասպանությունների համար հիմք են հանդիսացել պատերազմները. «Պատերազմը ոճրի ծրագիր է, ոճիրը՝ պատերազմի հետևանք»,-նշեց ֆրանսահայ պատմաբանն ու ևս մեկ անգամ հիշեցրեց ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ցեղասպանություն է նաև հայրենազրկումը, մասսայական տեղահանությունը:
«Մտավորական և հայկական սփյուռքի ներկայացուցիչ, որ մեծ դերակատարում ունի նաև Ֆրանսիայի հասարակական կյանքում: Նա տարիներ շարունակ ղեկավարել է Փարիզի Նուբարյան մատենադարանը, որտեղ կուտակված է հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հսկայական հատված»,-հյուրին այսպես ներկայացրեց ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Պրոֆեսորը բարձր գնահատեց ֆրանսահայ պատմաբանի գիտական գործունեությունն ու ժառանգությունը՝ ներկաներին ծանոթացնելով Ռայմոնդ Գևորգյանի՝ վերջերս լույս ընծայած 1300 էջանոց գիրքը, որն ամփոփում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ 100 տարիների ընթացքում եղած աշխատությունները:
Ուսանողները պատմաբանին ուղղեցին մի շարք հարցեր. մասնավորապես՝ այն հարցին, թե պե՞տք է շարունակել սպասել տարբեր երկրներից Ցեղասպանության ընդունմանը, Ռայմոնդ Գևորգյանը նշեց. «Բացարձակ ոչ մի սպասելիք չկա միջազգային օղակներից. նրանց միջև տնտեսական և դիվանագիտական կապեր են, իսկ գիտական մակարդակներում Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցը փակ է: Միակ սկզբունքը սեփական մոտեցումներով հարցը լուծելու մեջ է: Հերթը հատուցմանն է, որի համար համակարգված պետք է պայքարեն պատմաբաններն ու իրավաբանները: Այս հարցը մեր հազվագյուտ խաղաքարտերից է և Թուրքիայի տկար կողմը»:
Պատմաբանն անդրադարձավ նաև վերջին ժամանակների ահաբեկչություններին՝ նկատելով, որ իրականացնողների մեջ քիչ չեն նաև տեղացիները:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորեց Ռայմոնդ Գևորգյանի դասախոսությունը ապագա պատմաբանների համար՝ նշելով, որ հետաքրքիր է լսել այլ տեսակետներ, համեմատական նոր վերլուծություններ: Նա հույս հայտնեց, որ ֆրանսահայ պատմաբանի՝ հայրենիք կատարած յուրաքանչյուր այց կնշնավորվի նաև Մանկավարժական համալսարանում նոր դասախոսությամբ: