«Նա գրում է այնպես, ինչպես ապրում է, գրում այն մասին, ինչն ապրեցնում է: Բանաստեղծի աշխարհը հագեցած է սիրո անուշ հույզով, հայրենիքի երգի ավանդական ու ժամանակակից աշխարհընկալմամբ, խոհական ու փիլիսոփայական բանաձևումներով: Անկեղծությունից ծնված նրա պոեզիան մաքրում է մարդկային հոգին, դարձնում բյուրեղյա ու անսխալ: Այն զերծ է մոդայիկ ջղաձգություններից և բերում է թարմ, առողջ մտածողություն ու ճշմարիտ գրականության ավանդներին համապատասխան գերազնիվ հավատարմություն»,- ՀՊՄՀ դոցենտ Նաիրա Խաչատրյանի բնութագրումները բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի արվեստի մասին են։
Երիտասարդ գրողը, որ նաև Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ է, այսօր հարազատ բուհում էր, Բանասիրական ֆակուլտետում։
Նաիրա Խաչատրյանի դիտարկմամբ՝ հոկտանյանական տիրույթում, ժամանակը շարունակ շրջապտույտի մեջ է․ նրա պոեզիան աննյութեղեն է, շատ հոգու լեզվով, ինչը կարելի է որակել բանաստեղծի բնորոշմամբ՝ «վրայից մարմինը հանած պոեզիա»:
Պետրոս Հոկտանյանը «Կազինո» և «Մեզանից հետո» գրքերի հեղինակն է․ առաջիկայում լույս կտեսնի նրա երրորդ գիրքը:
Հանդիպման մասնակից ուսանողները նկատում են՝ Հոկտանյանի՝ զգացմունքային, հուզառատ ու արտահայտիչ նկարագրությամբ հագեցած բանաստեղծությունները կախարդական սրնգի պես գամում են և դյութական մեղեդով լցնում ընթերցողին։
Խոստովանում են՝ անկեղծ ու ազնիվ մարդկանց հետ հանդիպումները երկար սպասված են․ այդպիսին է նաև Պետրոս Հոկտանյանը, որի բանաստեղծության ամեն տողն ընթերցողին է փոխանցում մարդկային արդար կշեռքով չափված անչափելի հույզեր ու զգացմունքներ։
Բանասիրական ֆակուլտետի դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Ընթերցվեցին հեղինակի սիրային, հայրենասիրական, փիլիսոփայական բանաստեղծություններ, հնչեցին հարցեր և սեփական պատուհանից Պետրոս Հոկտանյանի աշխարհը դիտելու մտածումներ։
Բանաստեղծը, որ մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է, հարցին, թե ի՞նչն է ավելի հեշտ՝ ներկերը բառերի վերածե՞լ, թե՞ բառերից գույներ ստանալ, անկեղծանում է՝ ավարտելուց հետո, եկավ մի շրջան, երբ սկսեց բառերով նկարել։ Շուրջ 15 տարի զբաղվել է նկարչությամբ, սակայն իրեն ավելի հոգեհարազատ է պոեզիան և թատրոնը։
Հանդիպման ընթացքում Պետրոս Հոկտանյանը խոսեց սիրելի դասական գրողների, նրանց ազդեցության և ներշնչանքի, ժամանակակից պոեզիայի մասին։
Պոետը կարծում է, որ այսօր էլ շատ տաղանդավոր գրողներ կան, որոնցից հնարավոր է սովորել․ ինքն իր պոեզիայում չի սիրում ծանրացնել խոսքը, պարզ է մատուցում, որ բոլորին ընկալելի լինի։ Թեպետ ստեղծագործում է նաև արձակ ժանրում, սակայն առավել հոգեհարազատ է չափածոն։
Ստեղծագործելիս չի փորձում որևէ բան ապացուցել․ գրողը պետք է գրի իր համար, դա հոգու ճիչ է․«Պոեզիան ինձ համար աղոթք է։ Նախադասություններ չեմ գրում, չեմ որսում բառեր․ այն ներսից է ծնվում,որը հղկվում և հանրայնացվում է։ Ընթերցողն ընտրում է իր գրողին, գրողն իր ընթերցողն է ունենում։ Ես խոսում եմ ընթերցողի հետ․որևէ բան ապացուցելու կարիք չունեմ»։
Ի դեպ, Հոկտանյանը նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակ է․ Բանասիրական ֆակուլտետում էր նաև երաժիշտ Սրբուհի Սիմոնյանը, որի կատարմամբ էլ հնչեցին գրողի ստեղծագործությունները։
Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի համար հանդիպումն ասես յուրատեսակ առիթ է՝ մտովի վերադառնալու իր ուսանողության տարիներ․ ժամանակին արվեստի ոլորտի հսկաների հետ հանդիպումները սովորեցնում էին, լիցքավորում։
Աշոտ Գալստյանը կարծում է, որ Բանասիրական ֆակուլտետն ունի ռազմավարական նշանակություն․ այստեղ են պատրաստում հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, որոնք մեսրոպյան այբուբենը պետք է մատուցեն սերունդներին։
Նկատում է՝ աշխարհում, որտեղ կրթության ճգնաժամ է, իրենց ուսանողի առաջնային խնդիրը պետք է լինի գիրք կարդալը, գրագետ և բարեկիրթ լինելը։
Պետրոս Հոկտանյանը երկրորդում է՝ մանկավարժը կրթող է, որն իր կենսակերպով պետք է օրինակ լինի։ Նա, անկախ բնագավառից, խորհուրդ տվեց լինել հայապահպան․ պատերազմները միայն զենքով չէ, որ հաղթում են․ հաղթանակներ կարող են բերել գիտելիքն ու կրթվածությունը։
«Չափազանց դժվար է գոհացնել այդքան տաղանդաշատ գրողներ ունեցող հայ ազգին, բայց Պետրոս Հոկտանյանին հաջողվել է հիացնել թե՛ մեզ պես քմահաճ երիտասարդներին, թե ՛ ավագ սերնդին»,-հանդիպման ավարտին նշեցին Բանասիրական ֆակուլտետի ուսանողները։