ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փորձարարական բաց դաս Մանկավարժականում
07.03.2024
Փորձարարական բաց դաս Մանկավարժականում

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում Ռեժիսուրա բաժնի 1-ին և Ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ փորձարարական բաց դաս։

«Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը», «Գայլն ու գառը»․ Իվան Կռիլովի հայտնի առակները հանդիսատեսին ներկայացվեցին բոլորովին նոր և յուրատեսակ լուծումներով։

Բեմադրության հեղինակ, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը ներկայացման սկզբում նշեց՝ ընտրված ինտերակտիվ ֆորմատը թույլ է տալիս նկատողություն անել, ընդմիջել, անգամ ընդհատել դերասաններին, իսկ վերջում լսել նաև կարծիքներ։

Բեմադրության սկիզբը ռիթմիկ վարժանք էր․ իրար հաջորդող տեսարաններ, որ ծավալվում են վերելակում և, առաջին հայացքից, հեռու կռիլովյան առակների համատեսքստից։ Բեմադրությունը, սակայն, դարձյալ մեր մասին էր, նաև նրա, թե ինչպես են մարդիկ համատեղվում «նեղ իրավիճակներում»։

Ժամանակն անիմաստ վատնելու, ուժեղի մոտ միշտ էլ թույլի մեղավորության, և , ի վերջո, ուժի, որ միասնականության մեջ է գաղափարախոսությամբ, երաժշտական բազմաոճ լուծումներով ընթացավ ներկայացումը, որ միաժամանակ ծավալվում էր հայերենով և ռուսերենով։

Աիդա Հովհաննիսյանն այդպես էլ չընդմիջեց ներկայացումը․ էքսպերիմենտն ու դասը հաջողված է համարում։ Ըստ նրա, ապագա ռեժիսորներին և ուսուցիչներին հաջողվեց իրենց տաղանդի և նվիրման շնորհիվ հանդիսատեսին փոխանցել հիմնական գաղափարը․«Ռեժիսուրան «լայն» մասնագիտություն է, որն իր մեջ պար, դերասանի վարպետություն, նաև բեմական խոսքի տարրեր է պարունակում։ Միջառարկայական կապ ստեղծելու հիմնական նպատակը նաև այսօրվա զարգացած երեխաներին 21-րդ դարի պահանջներին համապատասախան մասնագետներով շրջապատելն է։ Դասավանդողները պետք է տիրապետեն բեմական խոսքին, դերասանի վարպետությանը․ դա էր նաև պատճառը, որ բաց դասին մասնակցում էին այլ բաժինների ուսանողներ»,-նշեց ռեժիսորը։

Նա նաև հավելեց, որ կռիլովյան առակներին բեմական նոր շունչ հաղորդելու գաղափարը ծնվել էր Մոսկվայի տան ղեկավար Վահրամ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում, որը ևս ներկա էր միջոցառմանը։ Վերջինս բարձր գնահատեց բեմադրությունը, ուսանողների խաղն ու անկեղծացավ՝ նրանց մեջ արտահայտված էր Աիդա Հովհաննիսյանի պրոֆեսիոնալիզմը․ տպավորություն էր, որ  առաջին անգամ չէ, որ բեմում են։

Հոգեբան Զինա Թորոսյանը ներկայացման ավարտին նշեց՝ Աիդա Հովհաննիսյանին, ինչպես միշտ, հաջողվեց արվեստագետի իր ոգով և տեսակով նկատել, նրբանկատորեն և դիպուկ ներկայացնել այն, ինչը կարևոր է և պետք է լինի կարևոր։ Խոստովանում է՝ ներկայացման առաջին իսկ պահից իրեն հետապնդել է հայտնի միտքը՝ մարդիկ, որոնք խաղում են խաղեր և խաղեր, որոնք խաղում են մարդիկ․ «Ներկայացումը ցույց տվեց բոլոր այն խաղերը, որոնցում ներքաշված ենք 21-րդ դարում, և այն տաղանդները, որոնք պետք է բացահայտել շարունակաբար»։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանն էլ նշեց՝ տեսել է շատ վարպետների բեմադրություններ․ Աիդա Հովհանիսյանին այս անգամ էլ հաջողվեց ներկայացնել եզակի կապը մեր իրականության հետ։

Ներկայացում-բաց դասն արժանացավ հանդիսատեսի բուռն ծափողջույններին և բարձր գնահատանքին։