Օտար լեզուների ֆակուլտետում էր Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին մշտական ներկայացուցչությամբ արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը։
Այցի նպատակն էր ծանոթանալ և ամփոփել այն աշխատանքները, որոնք կատարել են Մանկավարժականի «Իսպաներեն լեզու և գրականություն» բաժնի երրորդ կուրսի ուսանողները՝ մեր երկրում Ուրուգվայի դեսպանատանն անցկացված պրակտիկայի ընթացքում։
Այդ շրջանակներում աբովյանականները կազմակերպել են խորհրդատվական, լեզվամշակութային հանդիպումներ և նույն բնույթի զեկույցներ, իսպաներենից թարգմանել են Ուրուգվայի գրողների՝ դեսպանատան կողմից երաշխավորված պատմվածքներ, հատկապես՝ մանկական գրականություն։
Նորին Գերազանցությունը գոհ է ուսանողների աշխատանքներից։ Նա ընդգծում է, որ պրակտիկայի արդյունքները երկուստեք շահավետ են․ նախ ուսանողները հմտացել են թարգմանական գործում, զարգացրել իսպաներեն լեզվի վերաբերյալ իրենց իմացությունը, մյուս կողմից՝ այդ թարգմանությունները կհամալրեն Հայաստանի մանկական գրադարաններում ուրուգվայական գրականության շարքերը։
Հանդիպմանը դեսպանն առաջարկեց, ի թիվս այլ բուհերի, համագործակցել նաև Մանկավարժական համալսարանի հետ՝ ներգրավելու բուհի դասախոսներին և ուսանողներին։
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են հայագիտական տարբեր ուղղություններով՝ հայոց պատմություն, լեզու և գրականություն, ցեղասպանության հարցեր և այլն, կազմակերպել տեսակոնֆերանսներ։
Դեսպանի կարծիքով՝ նման ձեռնարկները և երկկողմանի շփումները օգտակար կլինեն մասնագետների և ուսանողների համար։ Առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատունը պաշտոնապես կներկայացնի նախատեսվող համաժողովների և քննարկումների ցանկը, որոնք կարող են առաջարկել Մանկավարժականի հետ համագործակցելու համար։
ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով Մարիաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկի վերաբերյալ և վստահեցրեց, որ պատրաստակամ են երկուստեք շփումներում ներգրավել բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներին։
Հանդիպման ավարտին դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց պատրաստակամությունը բուհի ուսանողների պրակտիկան կազմակերպելու գործում։ Ուսանողները գոհ են, որ հնարավորություն ունեցան շփվելու լեզվակիրների հետ, ծանոթանալու դեսպանատան աշխատանքներին, կատարելագործելու թարգմանական հմտությունները։