Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի շրջանակներում ունեցել են բազմաթիվ հետաքրքրաշարժ այցեր:
Ուսումնառության երկրորդ կիսամյակում ապագա պատմաբաններն ու հասարակագետները այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց, ՀՅԴ պատմության, Զորավար Անդրանիկի, Երևանի պատմության, Մայր Հայաստան ռազմարվեստի թանգարաններ, Հայաստանի ազգային արխիվ: Նրանք եղել են նաև Շենգավիթ հնավայրում, Մատենադարանում, Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Ուսումնաճանաչողական պրակտիկայի շուրջ 11 այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են պատմագիտական ու ազգային արժեք ունեցող փաստաթղթերի, իրերի հետ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունը պատմաբան-հասարակագետներին հնարավորություն տվեց մանրամասն տեղեկություններ ստանալ 20-րդ դարում Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում` հայերի կյանքի, գործունեության, ինչպես նաև Եղեռնի վերաբերյալ: Ի դեպ, այցի ավարտին ուսանողները հանդիպեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, որն անդրադարձավ հատկապես թեման դասավանդելու մեթոդներին:
Ուսումնաճանաչողական պրակտիկան ամփոփվեց Հաղարծին վանական համալիր և Պարզ լիճ այցելությամբ, ուր ուսանողները ծանոթացան համալիրի կառուցվածքային առանձնահատկություններին, դրանց հետ կապված հետաքրքիր փաստերին ու պատմություններին:
Նման ճանաչողական այցերը խիստ կարևոր են ապագա մանկավարժների համար․ դրանք ոչ միայն ճանաչողական, այլև գիտական ու դաստիարակչական նշանակություն ունեն։