Այսօր կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ՀՊՄՀ-ի ուսանողների մանկավարժական պրակտիկայի բարեփոխմանն ու ուսուցման նոր ձևերի կիրառմանը վերաբերող հարցեր:
Բարեփոխումներ՝ մանկավարժական պրակտիկայում
Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը՝ խորհրդին ներկայացնելով բարեփոխումների ներկա փուլի ընթացքի և առաջիկա հիմնական անելիքների վերաբերյալ մանրամասներ:
Մանկավարժական պրակտիկայի բարեփոխումը կենտրոնը սկսել է պրակտիկայի բազաների սահմանափակումից, նրանց հետ նոր համատեղ միջոցառումների կազմակերպումից և մասնագիտական զարգացման դպրոցների հետ որակի փոխադարձ գնահատման կառուցակարգերի մշակումից ու գործարկումից:
Բարելավման գործընթացում կարևորագույն տեղ է հատկացվում պրակտիկայի արդյունքի ներառումը ամփոփ ատեստավորման գնահատականում, ինչն իր հերթին ենթադրում է պրակտիկայի թղթապանակի, ուսումնամեթոդական փաթեթի վերանայում և համապատասխանեցում սովորողների կրթական կարիքներին:
Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ Վահան Սարգսյանը վստահեցրեց, որ սահմանափակվել է մանկավարժական պրակտիկայի հիմնարկների քանակը, վերանայվել է մանկավարժական պրակտիկայի թղթապանակը, որտեղ յուրաքանչյուր շրջափուլում առանձնացվել են կոնկրետ առաջադրանքներ, բարելավվել են բնութագրի, հաշվետվության և գործունեության պահանջները։
«Ստեղծվել է պրակտիկայի մեթոդիստի ուղեցույց, որում ներառվել են դասի և մասնագիտական գործունեության գնահատման, հաշվետվության, թիմային աշխատանքի պլանավորման և այլ փաստաթղթերի ձևանմուշներ, մասնակի վերանայվել են մեթոդիստների և այլ պատասխանատուների գործառույթները»-նշեց Պրակտիկայի կենտրոնի ղեկավարն ու հավելեց, որ արդենիսկ մշակվել է մանկավարժական պրակտիկայի արդյունքների պաշտպանության ընթացակարգի նախագիծ:
Գիտական խորհրդի անդամները վահան Սարգսյանին ուղղեցին պրակտիկայի բարեփոխումների վերաբերյալ հարցեր և հաստատեցին ներկայացված նախագիծը:
Ուսուցման նոր ձևեր՝ նոր ուսումնական տարում
Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն անդրադարձավ վարչության կողմից 2015-2016 ուսումնական տարվա ավարտին կատարված հետազոտություններին՝ պարզելու առցանց ուսուցման ներգործուն մեթոդների վերաբերյալ ուսանողների ու դասախոսների հարցերը, գնահատականները:
Մկրտիչ Ավագյանը վստահեցրեց, որ անցակցված հարցումները և ֆոկուս խմբերը թույլ են տալիս եզրակացնել որ 2016-2017 ուսումնական տարվա փոխներգործուն ուսուցման ներդրման ամբողջականացմանը և կազմակերպչական խնդիրների զուգահեռ անհրաժեշտ է մեծ ուշադրության դարձնել դասախոսների վերապատրաստմանը, քանզի ինտերակտիվ մեթոդաբանությունը, մեթոդների բազամազանությունը և գործիքակազմը տիրապետելի չեն դասախոսների մեծամասնության համար:
«Չնայած ձեռքբերումներին, ինտերակտիվ դասավանդմանը վերաբերող իրականացված բարեփոխումները ինչ-որ չափով դեռևս վերաբերել են դասավանդման նոր կառուցվածքային բնութագրերին և դեռ ամբողջական չեն անդրադարձել կրթական ծրագրերի բովանդակությանն ու որակին»,-նշեց Մկրտիչ Ավագյանն ու հավելեց, որ Կրթության բարեփոխումների և որակի վարչությունն մշակել է առցանց ուսուցմամբ ինտերակտիվ ուսուցման կարգի աշխատանքային տարբերակն ու ստեղծել առարկայի շրջանակներում վերջնարդյունքների մշակման, դասավանդման նոր մեթոդների գործիքակազմի ներկայացման, դրանց գնահատման մեթոդական ուղեցույց. այդ գործում մեծ անելիքներ ունեն հատկապես դասավանդման մեթոդիկաների ամբիոնները:
Հարցի վերաբերյալ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինտերակտիվ մեթոդների կիրառումն ունի բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, սակայն պետք է համոզված լինել՝ դրա նպատակը մեկն է՝ ուսումնական պրոցեսը դարցնել այնքան հետաքրքիր, որ ուսանողները լինեն դասապրոցեսին առավել ներգրավված:
Ընտրվեցին ամբիոնների վարիչներ
Գիտական խորհրդի նիստում օրակարգային էր նաև Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի և Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնների վարիչների ընտրությունները: Գիտական խորհրդի 66 անդամներից փակ քվեարկությանը ներկա էին 59-ը. վերոնշյալ ամբիոններում վարիչներ ընտրվեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը (54 կողմ, 5 դեմ) և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը (52 կողմ, 7 դեմ):