ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում Բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Փարիզի «Մաշտոց» հայ լեզվի պաշտպանության միության նախագահ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծուհի Հիլդա Գալֆայան-Փանոսյանը:
«Սփյուռք» կենտրոնի տնօրեն, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը ներկայացրեց վաստակաշատ կրթական մշակին՝ նկատելով, որ անգնահատելի է Հիլդա Գալֆայանի կատարած աշխատանքը հայոց լեզվի պահպանման գործում․«Նրա «Պոլսահայ նոր բանաստեղծությունը» հատորն այսօր էլ ուղենիշ է պոլսահայ գրականությունն ուսումնասիրողների համար, իսկ օտարախոսների համար նախատեսված հայոց լեզվի ձեռնարկները հայերենին առավել արագ տիրապետելու իրատեսական մեթոդների ամբողջություն են»,- ասաց պրոֆեսոր Դանիելյանն ու հավելեց՝ այսօր առավել կարևոր են նման մեթոդական-կրթական դասագրքերը, քանի որ Սփյուռքը շարունակական տագնապների մէջ է. շահնուրյան բնորոշմամբ՝ նահանջում է լեզուն, իսկ Հիլդա Գալֆայան-Փանոսյանն այն եզակիներից է, որն իր գործնական քայլերով փորձում է օտարախոս երեխաներին վերադարձնել դեպի մայրենին։
Ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կրթական առանձնահատկությունները՝ Հիլդա Գալֆայանը խոսեց Սփյուռքում գործող միօրյա վարժարանների, կրթական ծրագրերի մասին:
Պրոֆեսորը մանրամասն ներկայացրեց նաև իր մշակած տեսալսողական մեթոդը, որի միջոցով օտարախոս երեխաներին հնարավոր կլինի սովորեցնել հայերեն և կարճ ժամանակում գրանցել ցանկալի արդյունքներ։ Հիլդա Գալֆայանը ներկաներին ծանոթացրեց իր հեղինակած «Օտարախոսների համար հայերեն լեզվի ձեռնարկ»-ում ընդգրկված թեմաներին, որոնք նույնպես պատահական չէին ընտրված։
Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը շնորհակալություն հայտնեց Հիլդա Գալֆայանին՝ ընդգծելով, որ օտարախոսներին դասավանդելը բոլորովին այլ մեթոդներ եւ հմտություններ է պահանջում, և հավելեց, որ Բանասիրական ֆակուլտետում ևս նման դասընթացներ կլինեն:
Հանդիպման ավարտին Հիլդա Գալֆայան-Փանոսյանն ուսանողներին նվիրեց իր հեղինակած «Մեսրոպյան ազգային միասնության նախապայման» հատորը: