«Սա ոչ թե ամփոփումն է անցած տարիների, այլ սկիզբ՝ հաջորդ 80 տարիների»,-իր հոբելյանի մասին այսպես է նշել Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Մաքսիմ Տիգրանի Սարգսյանը, ում ծննդյան 80 և գիտա-մանկավարժական գործունեության 55-ամյակի առթիվ բուհում կազմակերպվել էր հոբելյանական ցերեկույթ:
Ներկաները՝ պրոֆեսորադասախոսական կազմը, նախկին և ներկայիս ընկերներ, բարեկամներ, շնորհավորելուց բացի, ներկայացրին պրոֆեսորի անցած փառավոր ուղին և գործունեությունը:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բուհի ռեկտորատի անունից շնորհավորեց Մաքսիմ Սարգսյանին՝ նրան պարգևատրելով «Մանկավարժական համալսարան» մեդալով:
«Որտեղ եղել եք, կաք ու կլինեք, մարդիկ ավելի բարի են, միմյանց հասկացող, ոչ կոնֆլիկտային, որովհետև այդպիսին եք նաև դուք. դա մարդկային բացառիկ ունակություն է, որով քչերն են օժտված»,-նշեց ռեկտորն ու պրոֆեսորին մաղթեց քաջառողջություն, ամենայն բարիք և հաջողություններ:
ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Մաքսիմ Սարգսյանի ուսանողական ընկերներից է: Տարիների հեռվից նա վերհիշեց համատեղ անցկացրած տարիները՝ ներկաներին պատմելով հուշեր, որոնց առանցքում հոբելյարի ընկերասիրությունն էր, նվիրվածությունն ու խստապահանջությունը գործի, մասնագիտության և շրջապատի հանդեպ. «Միասին անցկացրած տարիների համար շնորհակալ եմ քեզ»,-նշեց ակադեմիկոսն ու պրոֆեսորին մաղթեց ամենայն բարիք:
Հոբելյարին շնորհավորեցին նաև նրա գործընկերները՝ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանը, Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը, Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Կայտառ, աշխատասեր և հումանիստ. պրոֆեսորին այսպես բնորոշեց Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, որ Մաքսիմ Սարգսյանը մեծ աշխատանք է կատարել գիտությունը Մանկավարժական համալսարանում կայացնելու գործում:
Ընթերցելով Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի շնորհավորական ուղերձը՝ ամբիոնի վարիչ Լաուրա Ասատրյանն էլ հավելեց. «Մտավորականի Ձեր կերպարը երկար տարիներ ուղեկցում է մեզ. երջանիկ է այն սերունդը, ով աշխատել և աշխատում է ձեզ հետ, քայլում դեպի կատարելություն տանող ձեր ճանապարհով»:
Պրոֆեսորի, վաստակաշատ մանկավարժի անցած ուղին առավել հանգամանորեն ներկայացրեց Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ներկայացնելով հայ տնտեսագիտության զարգացման գործում նրա մեծագույն ավանդը:
«Գրեթե 55-ամյա մանկավարժական գործունեության ծնունդն է երիտասարդ և միջին սերնդի բարձրագույն որակավորման մասնագետների մի ստվար բանակ, որն այսօր իր գործուն մասնակցությունն է բերում կրթության, գիտության, կառավարման և տնտեսության ամենատարբեր բնագավառներում: Լիահույս ենք, որ Ձեր կենսափորձով, իմաստնությամբ մշտապես լինելու եք մեր կողքին»,-նշեց Կառլեն Խաչատրյանն ու պրոֆեսորի համար հարազատ ամբիոնի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց նրա հոբելյանը՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք:
Նշենք, որ Մաքսիմ Սարգսյանը տասնյակ տարիներ հանդես է գալիս որպես պետական քննական հանձնաժողովների նախագահ մի շարք այլ բուհերում: Տարբեր տարիներին անդամակցել է ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնագիտական խորհուրդներին, նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել մի շարք ասպիրանտներ, բազմիցս հանդես է եկել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս: Բարձրագույն որակավորման կադրերի պատրաստման տեսակետից հատկապես արգասաբեր էր պրոֆ. Մ.Սարգսյանի շուրջ 16-ամյա փորձագիտական գործունեությունը ՀՀ ԲՈՀ-ում:
Մաքսիմ Սարգսյանը նաև եռանդուն հասարակական գործիչ է, ՀՀ ազատամարտի վետերանների միության և նրա քաղաքական խորհրդի անդամ: Պարգևատրվել է 7 մեդալով, որից 4-ը՝ մարտական, և բազմաթիվ պատվոգրերով:
Վաստակաշատ գիտնականի 55-ամյա մասնագիտական գործունեությամբ նա ոչ միայն կրթել, դաստիարակել է սերունդներ, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ, այլև իր անուրանալի ավանդն է ունեցել նորանկախ պետության կայացման գործում՝ հանդես գալով որպես գաղափարական հասարակական գործիչ: