Մանկավարժական համալսարանում այսուհետ կգործի «Քաղաքացիական կրթության կենտրոն»․այն հանդիսավորությամբ բացեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։
Ներկա էր բուհի ղեկավար կազմը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։
Կենտրոնը ստեղծվել է երկու կառույցների համատեղ ջանքերով՝ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ․ նպատակն է նպաստավոր միջավայր ստեղծել երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը խորհրդանշական համարեց նոր տարում ուսանողին նոր միջավայր ընձեռելու հնարավորությունը՝ կրթության, գիտության, ժամանցի, քաղաքացիական արժեքների, ինչպես նաև արժեբանության տեսանկյունից։ Ի վերջո, ըստ ռեկտորի, քաղաքացիական արժեբանությունը հատկապես դրսևորվում է երիտասարդների մոտ․ինչպիսի արժեքներով տոգորված լինի, ներքին ինչպիսի մղումներ ունենա, վաղվա օրը, երկրի ապագան, նաև կրթության ոլորտը կպայմանավորվի դրանով։
Կենտրոնը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի կողմից կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով, մեծ պահանջարկ վայելող մասնագիտական և հանրամատչելի գրականությամբ գրադարանով։ Համալսարանի ուսանողները կենտրոնի ռեսուրսներից կարող են օգտվել անվճար, մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների, հանդիպում-քննարկումների։
«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն, ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանն ուրախ է, որ բուհի ղեկավարության հետ նույն ուղղությամբ են նայում․ կարևորում է ձեռնարկին երիտասարդների մասնակցությունը։
Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ խորապես համոզված է՝ երկրի բարեկեցությունն ու զարգացումը պայմանավորված է իր քաղաքացների որակով․ երիտասարդներն են երկրի հենման կետն ու զարգացման գլխավոր առանցքը, որոնց փորձում են օգտակար լինել տարբեր ծրագրերով և նախաձեռնություններով։
Նա նշեց նաև, որ ծրագրի հիմնական առաքելությունը մեր երկրում հասարակության ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակի բարելավումն է, ինչպես նաև երիտասարդների հանրային մասնակցությունը մեր երկրում ժողովրդավարական գործընթացների կայացմանը։
Նշենք, որ ՀՊՄՀ «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ի աշխատանքները կհամակարգի բուհի վճարովի համակարգում սովորող և մրցույթի արդյունքում ընտրված երկու ուսանող, որոնց վարձավճարը կփոխհատուցի ծրագիրը։