ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` ՀՊՄՀ-ում
11.01.2022
Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` ՀՊՄՀ-ում

Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման հուշագրի ստորագրման արարողությունը:

2021 թվականին հայաստանյան հինգ բուհերում մեկնարկած դասընթացն ընթացիկ տարում կներդրվի վեց նոր բուհում, այ թվում՝ Հայկակական պետական մանկավարժական համալսարանում:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարության և ծրագրերի աջակցության գարսենյակի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին, ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

Դասընթացի նպատակն է Հայաստանում խթանել ակտիվ քաղաքացիության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների հասկացությունների ընկալումը ՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ:

«Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի շրջանակներում ուսանողները կստանան այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման, ինչպես նաև՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար:

«Չկա ժողովրդավարություն՝ առանց քաղաքացիական հասարակության և ներգրավված քաղաքացիների. 12-շաբաթյա դասընթացը նպատակ ունի ներկայացնելու ժողովրդավարության հիմունքները՝ հանուն Հայաստանի ապագա սերունդների»,- հանդիպման ընթացքում նշեց (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը` ևս մեկ անգամ ընդգծելով ծրագրի ներդրման անհրաժեշտությունը կրթության ոլորտում, մասնավորապես, համալսարաններում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ընդգծելով քաղաքացիական կրթության դերը մեր երկրում, որը որդեգրել է ժողովրդավարական զարգացման ուղի, նկատեց՝ գաղափարը նաև կրթական համակարգի հիմքում է՝ անկախ կրթության ձևաչափից. «Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հիմքում ևս քաղաքացիական ժողովրդավարական կարողունակության զարգացումն է. սովորողը՝ որպես գիտակից քաղաքացի, պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, և այդ գիտելիքները կիրառի կյանքում` ի շահ մեր երկրի»:

Նախարարաի տեղակալը վստահեցրեց՝ սա հերթական ձեռնարկ չէ, այլ կարևոր ու լուրջ ծրագիր, որն իր ինտերակտիվությամբ հաստատում է սովորողակենտրոն կրթության փաստը:

Բանախոսները կարևորեցին երիտասարդների ներգրավումը գլոբալ ժողովրդավարական գործընթացներում՝ նկատելով, որ ինտերակտիվ ուսումնական ծրագիրն իր մեթոդաբանությամբ ապագայի համար կարևոր ներդրում է:

Նշենք, որ ուսումնական դասընթացը նախատեսված է բոլոր ուսանողների համար՝ անկախ մասնագիտությունից, իսկ մշակված ձեռնարկները հարմարեցված են հայաստանյան կրթական միջավայրին: Ծրագիրը կշարունակվի մինչև 2025 թվականը: