73 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայկական ջազի ակունքներում կանգնած, սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:
Նա ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին Երեւանում: 1986-1992 թվականներին նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:
1992 թվականին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն եւ ընկերները» խումբը, որում ներգրավված էին հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ. խումբը գործում է առ այսօր:
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ: Դասավանդում էր նաև Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնում:
Երաժիշտը համարվում է Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը:
Արմեն Թութունջյանի գործն ու հիշատակը անմար կմնա նրա արվեստի սիրահարների սրտերում:
Մանկավարժական համալսարանն իր խոր վշտակցությունն է հայտնում սիրված երաժշտի հարազատներին, մտերիմներին, երկրպագուներին: Արմեն Թութունջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։