«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանում մեկնարկեց քառօրյա հանդիպումների շարք՝ (դոկտորական դպրոց) ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների և ասպիրանտ-հետազոտողների հետ։
Հայկական պետական մանկավարժական համալսարանից, որպես գործընկեր բուհ, դոկտորական դպրոցին մասնակցում է յոթ հետազոտող՝ տարբեր մասնագիտություններից։
Միջազգային դոկտորական դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 3-6-ը, որի ընթացքում մասնակիցները կլսեն Հայաստանից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից հրավիրված պրոֆեսորների դասախոսությունները, կմասնակցեն թեմատիկ քննարկումների:
Հանդիպմանը ներկա էին և ծրագրի մասնակիցներին ողջունեցին Լատվիայի համալսարանի «Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի համակարգող Ինգա Սկենդերենը, ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և այլ բուհերի ներկայացուցիչներ:
Մարիաննա Հարությունյանը կարևորեց «MODEST» նախագծի դերը գիտական հետազոտությունների կատարման, ակադեմիական շարժունության բարձրացման և ՀՀ-ում դոկտորական կրթության որակի բարելավման գործընթացներում:
Վերջինս ընդգծեց, որ ծրագրի վերջնարդյունքում մշակված մոդուլները կարող են արդյունավետորեն կիրառվել ՀՀ բուհերում՝ կրթության երրորդ աստիճանում ուսումնական պլանների մշակման ժամանակ։
«Հագեցած չորս օրերի ընթացքում փորձելու ենք միասին դիտարկել բոլոր այն մեթոդներն ու տեսությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր հետազոտողի՝ աշխատանքն առավել արդյունավետ, նորարար և գիտականորեն հիմնավոր իրականացնելու նպատակով: Մեզ համար առանձնապես կարևոր է նաև հեռավար ուսուցման հնարավորությունների արդյունավետ կիրառումը գիտական հետազոտություններում»,- ողջունելով դոկտորական դպրոցի մասնակիցներին՝ նշեց «MODEST» նախագծի համակարգող Ինգա Սկենդերենը:
Հանդիպման ընթացքում Բրունելի համալսարանի կորպորատիվ և ֆինանսական իրավունքի ավագ դասախոս, հետբուհական ծրագրերի տնօրեն Ստելիոս Անդրեադակիսը և էլեկտրոնային ինժեներիայի ավագ դասախոս Նազմուլ Հուդան հանդես եկան դասախոսություններով:
Նրանք վերլուծությամբ ներկայացրին տարբեր երկրներում դոկտորական դպրոցների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները՝ համեմատելով Մեծ Բրիտանիայի իրենց փորձառության հետ։
Նշենք, որ միջազգային դոկտորական դպրոցը, որն իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակներում, համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք ներկայացնելու են տարաբնույթ դասախոսություններ, իրականացնելու են թեմատիկ քննարկումներ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության տարաբնույթ հարցերի վերաբերյալ:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: