ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկեցին պատմության դասավանդման առկա խնդիրները
28.03.2023
Քննարկեցին պատմության դասավանդման առկա խնդիրները

Այսօր Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում էին տարբեր տարիների շրջանավարտներ՝ ուսուցիչներ։

Նախաձեռնության նպատակն էր հանրապետության տարբեր դպրոցներում պրակտիկ գործունեություն ծավալող մասնագետների հետ քննարկել և վերհանել կրթության, հումանիտար ոլորտի, մասնավորաապես՝ պատմության դասավանդման առկա խնդիրները։

Դեկան Էդգար Հովհաննիսյանը կարծիքով՝ աշակերտ-բուհ կապն առավել ակտիվ է, այնինչ որոշակի խզում է նկատում բուհ-ուսուցիչ հարաբերություններում։

Լիահույս է, որ նման ձևաչափով հանդիպումները կօգնեն ծավալել ակտիվ երկխոսություն, համատեղ մտքերի, ծրագրերի, նոր ու բովանդակալից գաղափարների ստեղծման և իրականացման հնարավորություն կընձեռեն։

Դեկանը նկատում է՝ վերջին տասնամյակում բուհը արմատական փոփոխություններ է կրել․ կրթության որակը, խնդիրներն ու մարտահրավերներն էլ այլևս այն չեն, ինչ նախկինում՝ իրենց ուսանողության տարիներին։

Վստահեցնում է՝ ֆակուլտետի դասախոսական կազմը պատրաստ է դպրոցներում տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ հանդես գալ բաց դասախոսություններով, իսկ ուսուցիչներին վերազինել պատմության դասավանդման արդի հիմնախնդիրների, պատմագիտությանը վերաբերող նորույթներով․«Մեր օրերում ուսուցչի ծանրաբեռնվածությունը հաճախ թույլ չի տալիս ավարտելուց հետո թարմացնել առարկայի վերաբերյալ գիտելիքները։ Պատրաստ են լրացնել պատմագիտության տարբեր ուղղությունների, աղբյուների վերաբերյալ բացը»։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանը հավելեց նաև՝ ունեն մի շարք գաղափարներ, որոնց իրականացումը մեծապես կախված է նրանից՝ արդյո՞ք պատրաստ են ներկաները աջակցել և ինտեգրվել այդ գործընթացներին։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը, որը համատեղությամբ դասավանդում է դպրոցում, վստահեցնում է՝ ինքն ու գործընկերներից շատերն են քաջատեղյակ հանրակրթության ոլորտի խնդիրներին։

Նախաձեռնության նպատակն է ընդլայնել դպրոցների շրջանակն, ու դասավանդողների տարաշերտ կարծիքների հիման վրա իրագործել իրենց առաքելությունը։

Խաչատուր Ստեփանյանը ցավով է նկատում՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ Սփյուռքում 90 տոկոսը տիրապետում է պատմությանը, Հայաստանում պատկերն այլ է․ առարկան հետաքրքիր է և դրան տիրապետում են հիմնականում նրանք, ովքեր պատրաստվում են միասնական քննությունների․ «Պատմության դասավանդման մտքի շարժման ակտիվացման և դասավանդման փիլիսոփայության վերանայման անհրաժեշտություն կա։ Հուսով եմ, որ մեր գաղափարները դուրս կգան ակադեմիական պատերից և կծառայեն ազգային դպրոցին»,-նշեց պրոֆեսորն ու հույս հայտնեց, որ դրան կնպաստի նաև պատմության դասավանդման արդի հիմնախնդիրների՝ հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման, թվային կրթության, ազգային և քաղաքացիական դաստիարակության հարցերի շուրջ կայանալիք միջազգային գիտաժողովը։

Պրոֆեսոր Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսում են հիմնել գիտահետազոտական կենտրոն, ստեղծել պատմության դասավանդման հիմնախնդիրների վերաբերյալ գիտական ամսագիր․ ցանկալի կլինի, որ գործող ուսուցիչները գիտության և կրթության սինթեզում ունենան իրենց ներդրումը։

Մասնագետները կարծում են, որ ժամանակն է ֆակուլտետում տարիներ շարունակ ամրացած գիտական բաղադրիչից զատ, առաջնահերթություն տալ մեթոդիկային․ բուհի առաքելությունն է պահանջում։

Հանդիպման ընթացքում ծավալվեց մասնագիտական քննարկում․ կողմերը խոսեցին գիտական և մեթոդական հարցերի, հետագա համագործակցության հնարավորությունների ու ձևաչափերի մասին։