«Երբևէ չեմ մտածել, որ չլսելը ծանր բան է. ես վստահ եմ, որ Աստված ինձ համար պարզապես այլ ճանապարհ է ընտրել: Բոլորս էլ լիարժեք և միմյանց նման մարդիկ ենք, պարզապես նույն ճանապարհը մենք դժվար ենք անցնում»,-պատմելով իր կյանքի հաջողված դրվագների մասին՝ նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակոլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գրետա Ավագյանը:
Դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առթիվ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը կազմակերպել էր «Կենդանի գրադարան» խորագրով ուսանողական տեղեկատվական քննարկում:
Քննարկմանն ակտիվ մասնակցեցին ֆակուլտետի հաշմանդամություն ունեցող ուսանողները: Նրանք իրենց դժվարհաղթահարելի խնդիրների հաջողված պատմություններով ներկաներին ևս մեկ անգամ վստահեցրին՝ հասարակությունը հաշմանդամություն ունեցողներին կընդունի միայն այն ժամանակ, երբ այդ անձը ինքն ընդունի, որ իր խնդիրն ունի բազում լուծումներ: Նրանց կարծիքով՝ հասարակությունից շատ բան սպասել պետք չէ, հենց իրենք պետք է ուղղորդեն հասարակությանն ու բարձրացնեն իրազեկված լինելու մակարդակը:
Հաջողված պատմություններից բացի, նրանք խոսեցին նաև խախտված իրավունքների, մի շարք խնդիրների մասին՝ թեքահարթակների, սուրդոթարգմանիչների բացակայությունից մինչև կրթություն ստանալու ընթացքում հանդիպող մի շարք այլ խոչընդոտներ: Նրանցից շատերն ակտիվ գործունեություն են ծավալում նաև այլ ոլորտներում. մեկը լողի աշխարհի եռակի չեմպիոն է, մյուսը Հայաստանի կույրերի ֆուտբոլի հավաքականի թիմի ավագ և այլն:
«Ես պատրաստ եմ հասկանալ և լինել հասկանալի», «Դեմ եմ մեկուսացմանը», «Չափից դուրս ուշադրությունը երբեմն խագարում է». այս և այլ կարգախոսներով են առաջնորդվում հաշմանդամություն ունեցող այն ուսանողները, որոնք սովորում են Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում:
Միջոցառման նախաձեռնող դասախոս Սիփան Ասատրյանը բազմիցս տարբեր ձեռնարկների ժամանակ կիսվել է իր հաջողված փորձով, այս անգամ առավել վստահ ու հաղթահարած նշեց՝ իր կյանքը անընդհատ կառուցվող շենքի է նման՝ մի հարկը մյուսի վրա շարունակ բարձրացող: Նա այն կարծիքին է, որ ամեն մի հաջողված պատմություն «կենդանի գրադարան է», որ կարող է հարստացնել յուրաքանչյուրի գիտելիքներն ու գրադարանը:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը վստահ է, որ նման ձևաչափերով հանդիպումներն ու քննարկումները հավասար իրավունքների ճանապարհ հարթելու յուրօրինակ ձև են:
«Յուրաքանչյուրիդ հաջողված փորձը ձեր իսկ հաջողության բանաձևն է, որը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու՝ հենց դուք պետք է կերտեք հասարակությունը: Ամեն պատմության մեջ լույս կա, ինչը ոգևորության, հպարտության զգացողություն է հաղորդում»,-նշեց Սիրանուշ Կարապետյանն ու ներկաներին հորդորեց սիրո և գիտելիքի միջոցով կառուցել առողջ և իրազեկ հասարակություն: