ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի համագործակցության շրջանակում կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ «Հանրային նոր համաձայնագիր՝ ի նպաստ կրթության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հեռանկարների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցի ներկայացումն ու քննարկումը։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց կազմակերպության հետ գործընկերությունը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում համատեղ իրականացված մի շարք ծրագրեր արդեն իսկ շոշափելի արդյունք են գրանցել։ Նա շնորհավորեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի ներկայացուցիչներին գործունեության 20-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն հսկայածավալ պրակտիկ աշխատանքը, որն իրականացվել է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի լուծման համար։
Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը նկատում է՝ մանկավարժության ոլորտում փորձառության առումով երկու կառույցներն անցել են երկար ճանապարհ։ Մանկավարժականի հետ համագործակցության որակը բարձր է գնահատում։
Էսթեր Հակոբյանը խոսելով աշխարհում կրթության որակի, հասանելիության, կրթության տարբեր հարթակների փոփոխության մասին՝ նկատում է՝ առաջընթաց քայլերով պետք է հասնել այդ փոփոխություններին․ « ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է այս ծրագրի միջոցով հասկանալ՝ ինչն է փոփոխվում աշխարհում, ինչպես ձևավորել կրթական համակարգ, որտեղ կլինի հավասարության, մարդու իրավուքների, կրթության որակի ապահովում»։
Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում ամփոփեց «Կրթության ապագա հեռանկարները» թեմայով էսսեների մրցույթի արդյունքները՝ նվերներ հանձնելով ՀՊՄՀ-ի ուսանողեր Էլեն Ավետիսյանին, Արուս Այվազյանին և Աննա Հարությունյանին։
Մանկավարժության ամբիոնի դասախոս, Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Միշա Թադևոսյանը ևս կարևորեց կառույցների համագործակցությունը։ Ըստ նրա, անկախ գործունեության ոլորտից, պետք է ներդրում կատարել և համալասարանին վերադարձնել այն բարիքները, որոնք ժամանակին ստացել ես․ «Իրականացված ծրագրերն իրենց բովանդակությամբ և հեռանկարների շուրջ խոսակցությամբ՝ դրա ապացույցն են»։
Հանդիպման ընթացքում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց «Վերաիմաստավորելով մեր համատեղ ապագայի հեռանկարները։ Հանրային նոր համաձայնագիր ի նպաստ կրթության» ՅՈՒՆԵՍԿՕ կրթության հեռանկարների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցի հիմնական դրույթները։
Կրթությունը որպես մարդու իրավունք և հանրային բարիք․ բանախոսն իր ելույթում ներկայացրեց ծրագրի հիմնական առանցքը, խոսեց նոր մանակավարժության մասին․«Մենք պետք է հրաժարվենք մանկավարժական այն մոդելներից, դասերից, գնահատման մեթոդներից, որոնք կարևորում են առաջադիմության անհատապաշտական և մրցակցային ձևերը, պետք է վերաձևակերպել մանկավարժությունը՝ որպես համագործակցային մասնագիտություն»,-նշեց Սերոբ Խաչատրյանն ու հավելեց՝ մանկավարժությունը փոխհարաբերություն է, սոցիալական արվեստ․ և՛ ուսուցիչները, և՛ սովորողները ձևափոխվում են մանկավարժական շփման ընթացքում, քանի որ սովորում են միմյանցից։
Խոսելով ուսուցչի արժևորման մասին՝ Սերոբ Խաչատրյանն ընդգծեց՝ տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել մարդ-ուսուցչին․ եթե չկա լավ մանկավարժություն՝ տեխնոլոգիան չի կարող օգնել։
Հանդիպման ավարտին ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ներկայացրեց Մանկավարժական կրթության հեռանկարները մինչ 2030թվական։
Պրոֆեսորը մանկավարժական բուհի առաքելության վերահաստատման համար կարևորեց մանկավարժական համապատասխան ռազմավարությունների մշակումը՝ նախադպրոցական, տարրական և միջնակարգ կրթության հետ կապը ապահովելու համար։
Ըստ բանախոսի՝ ժամանակակից մանկավարժական բուհը պետք է ապահովի ուսուցիչների և բարձրագույն մասնագիտական կրթության շարունակական հարաբերության հաստատման գործը, իսկ մանկավարժականի շրջանավարտը գնահատվի նաև որպես հասարակական գործունեություն կատարող, իր մասնագիտության զարգացման մեջ ներդրում ունեցող անձ։
Աիդա Թոփուզյանը ժամանակակից մանկավարժական բուհի կարևոր առանձնահատկություններից մեկը համարեց ռեֆլեքսիվ անձի դաստիարակումը, ինչպես նաև ապագա ուսուցիչների և դասախոսական կազմի թվային գրագիտության դերը․«Կարևոր փոփոխություններ պետք է արվեն մանկավարժական մասնագիտության կազմակերպման, թե՛ ուսուցչի ընտրության, թե՛ նախապատրաստման և թե ՛կարիերայի հետագիծը կարգավորող քաղաքականությունների մեջ»,-ամփոփեց նա: