Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Անչափահասների հանցավորության կանխարգելումը ՀՀ ոստիկանությունում. վերականգնողական արդարադատության մոտեցումներ» թեմայով հանրային դասախոսություն:
ՀՀ արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը շնորհակալություն հայտնելով բուհին հյուրընկալության համար՝ նկատեց, որ ուսանողներն այն կարևորագույն լսարաններից են, որին անհարժեշտ է այս տեղեկատվությունը. «Դուք եք լինելու այն ուժն ու սյունը, որի վրա մենք հենվելու ենք: Նպատակ ունենք նաև մեր առաջավոր փորձը փոխանցել ձեզ՝ կրթության գործընթացում տեսական և գործնական գիտելիքները համադրելու համար»,-ընդգծեց Գայանե Հովակիմյանը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանն էլ հույս հայտնեց, որ ոստիկանական համակարգը կհամալրվի նաև ներկա ուսանողներով, քանի որ լավ մասնագետների պակաս բոլոր ոլորտներում էլ անհրաժեշտ էլ կա:
«Անչափահասների գործերով ծառայությունն իր մեջ ներառում է անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների նախականխման և բացահայտման աշխատանքներ: Անչափահասների հանցավորության կանխարգելում իրականցնելիս աշխատանքներ է տարվում ոչ միայն հանցագործություն կատարած անչափահասի հետ, այլև՝ մյուս բոլոր օղակների: Անչափահասների հետ տարվող աշխատանքներում հիմնական մեխը հանդիսանում է կանխարգելումը»,- ասաց Արթուր Վարդանյանը: Վերջինս ընդգծեց նաև, որ իրավախախտում կատարած անչափահասների հետ տարվող դաստիարակչական աշխատանքներն արդյունավետ են, եթե այն տարվում է նրա շրջապատի հետ ևս: Բանախոսը նկատեց նաև անչափահասների հանցավորության կանխարգելման նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից իրականացված մի շարք ծրագրերի մասին՝ մատնանշելով համայնաքային վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև ավագ դպրոցներում դպրոցական տեսուչների առկայությունը: «Տարվող աշխատանքների էֆեկտիվությունը տեսանելի է. տարեցտարի հանցագործությունների թվաքանակը նվազում է, իհարկե դեռևս այս ոլորտում անելիքներ շատ կան»,- ամփոփեց Արթուր Վարդանյանը:
«Չկա առողջ համայնք, եթե չկա առողջ երեխա. անչափահասների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքները սկսվում են հենց դպրոցից: Որևէ մեկը հանցավոր չի ծնվում, բոլորս էլ կարող ենք հանցագործություն անել»,- ասաց «PH international»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը: Նա խոսեց անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը՝ իրավական սոցիալականացման և վերականգնողական արդարադատության մոտեցումների միջոցով թեմայի շուրջ:
Մասնագետն անդրադառնալով վերականգնողական արդարադատությանն ու դրա գաղափարախոսությանը՝ նկատեց, որ այդ գործընթացին մասնակից են դառնում բոլոր շահառուները:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Սոնա Մակիչյանը համագործակցությունն արդյունավետ համարեց և նկատեց, որ քննարկվող բնգավառում մասնագիտական տեսնակյունից հոգաբանները դեռևս շատ անելիքներ ունեն:
Վերջում ներկաները մասնագետներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Դասախոսությունը կազմակերպել էր ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը և ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»-ը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի շրջանակում: