Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը։
Բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի և Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի հետ հանդիպմանը կարևորվել է դպրոցի առաքելությունը, հայրենիքից դուրս հայոց լեզվի և պատմամշակութային հարուստ ժառանգության հանրահռչակումը։
Կողմերը քննարկել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, կարևորել երկու կրթօջախների երկարամյա գործընկերությունը։
Հանդիպմանը ռեկտոր Գևորգյանը մեկ անգամ ևս շնորհավորեց Շողիկ Փահլևանյանին կրթօջախի հիմնադրման 35-ամյակի առթիվ և բարձր գնահատեց դպրոցի գոյությունը Մոսկվայի հայկական համայնքի կյանքում․«Այս տարիներին կառույցը շարունակում է զարգացնել հակական կրթության լավագույն ավանդույթները, հանրահռչակել հայկական մշակույթը։ Այն պահպանում է ազգային ինքնությունն ու սերունդներին փոխանցում հայ ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները»,-նշեց ՀՊՄՀ ռեկտորն ու անգնահատելի համարեց դպրոցի դերը նաև ազգային պատմական հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու տեսանկյունից։