Մանկավարժական համալսարանում կայացավ «Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման և լեզվաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային 3-րդ գիտաժողովը՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին։
Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովն ընթացավ խառը ձևաչափով․ մասնակցում էին նաև ՌԴ-ի առաջատար բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ։
«Մանկավարժականում, բարձրագույն կրթության ոլորտում, մեկտեղված են ավանդականն ու նորարարական մեթոդները։ Մենք հպարտ ենք բուհի պատմությամբ և այն նվիրյալներով, որոնք կանգնած են դրա ստեղծման ակունքներում, նաև նրանցով, որոնք այսօր էլ ջանք չենք խնայում դրա հեղինակությունն ու վարկանիշը բարձր պահելու համար։ Մեր ամբիոնն անմասն չէ երիտասարդների դաստիարակության գործից․ փորձառու մասնագետները ձեզ են փոխանցում մասնագիտական հարուստ գիտելիքներ»,- գիտաժողովի մեկնարկին նշեց ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նաիրա Դալյանն ու հույս հայտնեց, որ արդեն ավանդական դարձած գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն լեզվաբանության և ռուսերենի՝ որպես օտար լեզվի մեթոդաբանության արդիական հարցեր։
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը նկատում է՝ գիտաժողովն անցկացվում է մեր երկրի համար բարդ ժամանակներում։ Այն լավ առիթ է վերանայելու մեր առաջնահերթությունները։
Պրոռեկտորն ընդգծում է՝ կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների է ենթարկվում․գիտաժողովում քննարկվող թեմաներն, այդ առումով, առաջնային ու կարևոր են։
Մարիամ Իսպիրյանը, լինելով նույն ամբիոնի դասախոս, նկատում է՝ ռուսերենի դասավանդման ոլորտում պետք է վերանայել ինովացիոն տարբեր մեթոդների ներդրումը, իսկ նման քննարկումներում ընդգրկել ոչ միայն դասավանդողներին, ուսանողներին, այլև աշակերտների ծնողներին։
«Ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման և լեզվաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովում քննարկվեցին լեզվաբանական գիտակարգերի ուսումնասիրման շրջանակներում երկլեզու ուսանողների ուսուցման առանձնահատկությունները, ռուսերենի բառային միավորները երկլեզու ուսանողների խոսքում, ի՞նչ պետք է իմանա ռուսերենի` որպես օտար լեզվի ապագա դասավանդողը։
Ներկայացվեցին նաև գրական ստեղծագործության պատկերավոր համակարգում ֆոտոնիմների ու զոոնիմների գեղարվեստական իմաստը, նախագծի մեթոդը ռուսերենի դասավանդման շրջանակներում, դիրքի ստորոգելիների դասակարգման խնդիրները, հաղորդակցական խնդիրները` որպես լեզվաբանական և մշակութային կարծրատիպերի հետևանք և այլն։
Օն լայն ձևաչափով գիտաժողովին մասնակցած Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանի ամբիոնի վարիչ Տատյանա Վասիլևան նկատում է՝ ռուսերենի և գրականության հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում միշտ է եղել։ Բանախոսն ընդգծում է՝ գիտաժողովը ևս մեկ անգամ ապացուցում է ռուսերենի դասավանդման կարևորությունն ու պահանջարկը մեր երկրում։
Օլգա Ուսկովան էլ հավելում է՝ ռուսաց լեզվի մասնագետների հայկական դպրոցը տարիների պատմություն ունի․ հայ գործընկերն ունեն իրենց ծանրակշիռ դերն ու լեզվաբանական ավանդույթները։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։