ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին ֆրանսերեն լեզվի հիմնախնդիրները
05.04.2023
Քննարկվեցին ֆրանսերեն լեզվի հիմնախնդիրները

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և Կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելիեն Գերեն։

Այցի նպատակն էր քննարկել Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացման հնարավորությունները, բուհում լեզվի դասավանդման խնդիրները, ինչպես նաև բուհում մասնագետների վերապատրաստման հնարավորությունները։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բուհի ղեկավարի անունից ողջունեց դեսպանատան ներկայացուցիչներին և վստահեցրեց՝ պատրաստ են համագործակցության։

Պրոռեկտորը ցավով նշեց՝ չնայած ձեռնարկած միջոցառումներին, նաև դիմորդների թվի անկմամբ պայմանավորված, Մանկավարժականում վերջին տարիներին այլևս ֆրանսերեն մասնագիտությամբ ընդունելություն չի կատարվում։

Նա հավելեց, որ ֆրանսերեն լեզվի գրավչության բարձրացումը շարունակում է մնալ բուհի հետաքրքրությունների առանցքում․«Լինելով մանկավարժական բուհ, ունենք ֆրանսիական լեզվական համայնք վերադառնալու անհրաժեշտություն։ Աջակցության դեպքում պատրաստ ենք համագործակցել ամենատարբեր ձևաչափերում»։

Գործող ուսուցիչների լեզվական և մեթոդական կարողությունների զարգացում, վերապատրաստումներ, ֆրանսերեն դասավանդող հայ ուսուցիչների թվի ավելացում․ Գիյոմ Նարժոլեն հանդիպման ընթացքում ներկայացրեց ֆրանսերեն լեզվի զարգացմանն ուղղված ծրագրերից մի քանիսը և հույս հայտնեց, որ այդ համատեքստում Մանկավարժականի դերակատարումը մեծ կլինի։

Հասցրել են ուսումնասիրություններ անել․ այսօր լուրջ խնդիր է ինչպես ֆրանսերեն դասավանդողների թվի, այնպես էլ նրանց լեզվական կարողությունների նվազումը, դասավանդման նորագույն մեթոդների բացակայությունը՝ հաճախ պայմանավորված վերապատրաստումների բացով։

Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն կարծում է, որ Մանկավարժականը գործող ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի դասավանդման գործում կարևոր դեր և առաքելություն ունի։ Տեղեկացրեց՝ առաջիկայում Հայաստան կայցելի փորձագետների խումբ, որը կուսումնասիրի կրթական համակարգն ու կվերհանի լեզվի դասավանդման հիմնախնդիրներն ու կարիքները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆրանսերեն լեզվի դասավանդման և լեզվի հանրահռչակման հետ կապված այլ հարցեր։

Այցի շրջանակներում հյուրերը դիտեցին ՀՊՄՀ պրոֆեսոր, գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի՝ «Ի պատիվ Ֆրանսիայի» ստեղծագործությունների ցուցադրությունը: