ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին համագործակցության հեռանկարները
30.05.2025
Քննարկվեցին համագործակցության հեռանկարները

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին ՌԴ-ի Արմավիրի համալսարանի Աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոման Բլիզնյակն ու Գիտահետազոտական, ինովացիոն գործունեության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, միջազգային ծրագրերի ղեկավար Լյուդմիլա Խլուդովան։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց այլ նախագծեր ևս կյանքի կոչելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մանկավարժական բուհերի միջև կնքվել է հնգամյա հուշագիր․ կրթական հաստատությունները համագործակցում են նաև ուսանողական շրջանակներում։ Ռուսական բուհի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբ, որին միացել են նաև ՀՊՄՀ ուսանողները։

Աշխատանքային հանդիպմանը կողմերը վերահաստատեցին գործընկերության խորացումն ու հեռանկարները, կառույցների միջև համագործակցությունն ընդլայնելու, նոր ծրագրեր իրագործելու առաջնահերթությունները։

ՌԴ-ի Արմավիրի համալսարանի ներկայացուցիչները նշեցին՝ առաջիկայում կմասնակցեն Մանկավարժական համալսարանի «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին, իրենք ևս պատրաստ են ընդունել աբովյանականներին՝ «ՀՊՄՀ առաջնորդների արհեստանոց» ծրագրի, ինչպես նաև «Կրթության նոր իմաստները» միջազգային մանկավարժական ֆորումի շրջանակներում։

Մարիաննա Հարությունյանը կարևորեց ՀՊՄՀ-ի ուսանողների ներգրավվածությունը բուհի կողմից իրականացվող միջազգային ծրագրում, ինչպես նաև ընդգծեց կրթության ոլորտում համատեղ այլ ծրագրեր իրագործելու կարևորությունը։

Կողմերը հույս հայտնեցին, որ երկու բուհերի միջև շարունակվող համագործակցությունը կլինի երկուստեք արդյունավետ։