Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը հյուրընկալեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր, «Շախմատն ընդհանուր զարգացման համար. ռեֆլեքսիվ-գործնական մոտեցում» ծրագրի ղեկավար Վիկտոր Զարեցկուն, որը, ի դեպ, ռուսական հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի համահիմնադիրներից է, ՌԴ Առողջապահության նախարարության Հոգեբուժության ԳՀԻ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ամբիոնի ղեկավար, Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Խոլմոգորովային և հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Զարեցկուն։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը։
Կողմերը քննարկեցին շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրները, շախմատային կրթության արդյունավետությունը, կարևորեցին սոցիալական հոգեբանության մերօրյա խնդիրների վերհանումը, այդ համատեքստում ընդգծելով արտակարգ իրավիճակներում հոգեբան-մանկավարժների պատրատվածության կարևորությունն ու վերապատրաստումները։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանը ՀՊՄՀ-ի համար չափանիշ է․ ունեն մի շարք ընդհանրություններ, որոնց շուրջ կարող են գործակցել տարբեր ոլորտներում։
Պրոֆեսոր Ալլա Խոլմոգորովան համակարծիք է՝ ընդհանուր արմատներ ունեն, պատրաստակամ են ուսանողների և դասախոսների համար դասախոսությունների միջոցով երկուստեք կիսվել փորձով ու գիտելիքներով։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին գիտական ոլորտում ունեցած ձեռքբերումները, փոխանակեցին տպագրվող առաջատար պարբերականներ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։