Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Լիտվայի Վիտաուտաս Մագնուսի համալսարանի Հումանիտար ֆակուլտետի լիտվագիտության ամբիոնի վարիչ Լաուրա Կամանդուլիտե-Մերֆելդիենեն և Հայաստանի լիտվական համայնքի նախագահ Օլգա Արզումանյանը։
ՀՊՀՄ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և Հատուկ կրթության ֆակուլտետի ղեկավար կազմի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին համագործակցության նոր գաղափարների իրականացման, Էրազմուս + շարժունության ծրագրի շրջանակներում դասախոսների և ուսանողների փոխանակման հնարավորությունների մասին։
Պրոռեկտոր Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդգծեց՝ Մանկավարժականում առաջնային է միջազգային համագործակցությունը․այն դիտարկվում է որպես ռազմավարական կարևոր ուղղություն։
Մարիաննա Հարությունյանը նշեց, որ երկու բուհերի միջև կնքված համագործակցության հուշագիրը թույլ է տալիս ընդլայնել կառույցների միջև գործընկերությունը, նախանշել նոր առաջնահերթություններ, այդ թվում՝ հատուկ կրթության ոլորտում։
ՀՊՀՄ պրոռեկտորը նշեց՝ Մանկավարժականը «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցել է լիտվական առաջատար համալսարաններից մեկի հետ․ ուսանողները կատարած այցի շրջանակներում ծանոթացել են մերձբալթյան գողտրիկ երկրի պատմությանը, մշակույթին ու լեզվին։
Հումանիտար ֆակուլտետի լիտվագիտության ամբիոնի վարիչ Լաուրա Կամանդուլիտե-Մերֆելդիենեն նկատեց՝ բաց են ցանկացած համագործակցության համար․ հետաքրքրված են ինչպես հատուկ, այնպես էլ հումանիտար մասնագիտությունների ոլորտում գործընկերությամբ։
Նա ցանկություն հայտնեց, որ ՀՊՄՀ-ի ուսանողները ներգրավվեն բուհի կողմից իրականացվող միջազգային ծրագրում, իսկ հայ գործընկերները Լիտվա կատարած այցի շրջանակներում տեղում ծանոթանան կրթական գործընթացի մանրամասներին։
Հատուկ կրթության ֆակուլտետի ներկայացուցիչները լիտվացի գործընկերոջ հետ խոսեցին հատուկ կարիքներով անձանց խնդիրների, հատուկ կրթության ոլորտում դասավանդվող առարկաների արդիականության վերաբերյալ, հետաքրքրվեցին լիտվական համալսարանում ուսումնական գործընթացի, այդ ոլորտի մասնագիտությունների, դասընթացների շրջանակով։
Հայաստանի լիտվական համայնքի նախագահ Օլգա Արզումանյանն էլ հավելեց, որ Հայաստանում գործում է կիրակնօրյա լիտվական դպրոց․պատրաստ են ընդլայնել համայնքի շրջանակները, հաստատել միջմշակութային կապեր, իսկ ցանկացողներին սովորեցնել լիտվերեն և ծանոթացնել երկրի հարուստ մշակույթին։