ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ՀՊՄՀ-ում էր։
Պատվիրակության կազմում էին գիտահետազոտական գծով պրոռեկտոր Յուրի Վետրովը, Նախագծերի գրասենյակի ղեկավար Ալան Գաբիսովը, Պատմության ամբիոնի վարիչ Իգոր Գրիցկիխը և Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Յանա Նիկուլնիկովան։
Ռուս գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի տեղակալ Աննա Հախումյանը։
Պրոռեկտոր Յուրի Վետրովը նկատում է՝ լինել Երևանում, մասնակցել «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովին և չայցելել Մակավարժական բուհ, լուրջ բացթողում կլիներ։
Վստահ է՝ կրթական երկու կառույցների միջև կարող է զարգանալ արդյունավետ գործընկերություն․ պետք է նախանշել համագործակցության հիմնական ուղղությունները, և թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով իրագործել դրանք։
Համատեղ գիտաժողովներ, կրթական ծրագրեր, գիտահետազոտական նախագծեր, գիտական աշխատություններ, մասնագիտական պրակտիկաներ, վերապատրաստումներ, գիտական և գիտամեթոդական սեմինարների, կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպում և այլն․ Յուրի Վետրովը թվարկում և հավելում է՝ մեծամասշտաբ նախագծերը շատ են, որոնց իրականացման գործում ՀՊՄՀ-ն դիտարկվում է կարևոր գործընկեր։
Ռուս գործընկներները կարծում են, որ համագործակցությունը հնարավոր է նաև մանկավարժահոգեբանական մասնագիտությունների գծով ապագա մանկավարժների պատրաստման, երիտասարդ դասախոսների վերապատրաստման, հիմնական կրթական ծրագրերի մեջ ապագա մանկավարժների ինքնակրթությանն ու ինքնազարգացմանը նպաստող հատուկ դասընթացների, երկխոսության ակումբի և այլ նախագծերի ներդրման միջոցով։
ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակության անդամները հավելում են՝ մարզում հայկական սփյուռքն ամանամեծն է․ համագործակցում են ամենօրյա ռեժիմով։ Առաջիկայում նախատեսում են հիմնել հայագիտության կենտրոն, ինչը կարևոր է փորձի փոխանակման և հայ երիտասարդների շրջանում լեզվի պահպանման տեսանկյունից։
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը համագործակցությունից ակնկալում է գործնական քայլեր և շոշափելի արդյունքներ․կարևորում է նաև ուսանողների ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ գիտական նախագծերին։
Նա նշեց համագործակցության մի քանի ուղղություններ՝ սկզբի համար կարևոր և առաջին քայլ դիտարկելով ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի մասնակցությունը ամենամյա «Ամառային դպրոց»-ին։
Հանդիպման ընթացքում հայ և ռուս գործընկերները խոսեցին նաև ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման խնդիրների, ուսումնական ծրագրերի փոխանակման, մասնագիտական խորհուրդների, տպագրվող գիտական ամսագրերի մասին։
Պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի գործունեությունը, ռուսերենի պահպանմանն ու տարածմանն ուղղված բուհի քաղաքականությունը, ուսանողների և ոլորտի առաջատար մասնագետների ակտիվությունը, կարևորեց «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի տպագրումը։
Ռուս գործընկերները վստահ են՝ համատեղ հարթակում կարող են իրականացնել մի շարք միջոցառումներ՝ մեդիանախագծերից մինչև ուսանողական գիտաժողովներ։
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց, որ պատրաստ են աջակցել և համագործակցել բոլոր այն ուղղություններով, որոնք կնախանշվեն երկուստեք։
Նշենք, որ օրերս հնգամյա հուշագիր է ստորագրվել Մանկավարժական համալսարանի և ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի միջև՝ ի նպաստ մանկավարժական բարձրագույն կրթության և գիտության զարգացման։