ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին համատեղ ծրագրի մանրամասները․․․
06.07.2023
Քննարկվեցին համատեղ ծրագրի մանրամասները․․․

Այսօր Մանկավարժական համալսարանում էր հյուրընկալվել Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների հարցերով պրոռեկտոր Մաքսիմ Կուլեշինինը և պրոֆեսոր, նախագծի ղեկավար Ալեքսանդր Ֆոկինը։

Ռուս գործընկերներն աշխատանքային հանդիպում ունեցան ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի և Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ՌԴ լուսավորության նախարարության՝ ՀՀ-ում ռուսերենով բաց կրթության կենտրոնների ցանցի ստեղծման և զարգացման ծրագրի վերաբերյալ մանրամասներ, որը կյանքի է կոչվել երկու բուհերի համագործակցության շրջանակներում։

Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Կուլեշինինը հույս հայտնեց, որ Մանկավարժականի գործընկերները կօգնեն իրագործել ծրագրի մի շարք դրույթներ։

Նա ներկայացրեց բաց կրթության և ռուսերենի ուսուցման կենտրոնների գործունեության ուսումնամեթոդական և կադրային ապահովման վերլուծության, ռուսաց լեզվով դասավանդման ինտենսիվ նախագծերի մշակման, ուսումնամեթոդական խորհրդատվության տրամադրման և ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ՀՀ-ում ռուսերենով բաց կրթության կենտրոնների աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացների, ՀՀ կրթական համակարգի ուսումնական հաստատությունների 100 ուսանողի ռուսաց լեզվի թեստավորման, «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ - 2023» մրցույթի, «Ամառային դպրոց» ծրագրի կազմակերպման և անցկացկացման, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ մանրամասներ։

Պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը վստահեցրեց՝ մեծ պատրաստակամությամբ են ստանձնել ծրագրի համատեղ իրագործումը, կանեն հնարավորը՝ կյանքի կոչելու այլ նախագծեր ևս։
Վստահ է՝ վերջնարդյունքը երկուստեք կլինի գոհացուցիչ և արդյունավետ կրթական երկու հաստատությունների համար։