ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին հայկական քաղաքակրթության դասավանդման վերաբերյալ հարցեր
11.12.2017
Քննարկվեցին հայկական քաղաքակրթության դասավանդման վերաբերյալ հարցեր

ՀՊՄՀ-ի Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիայում անցկացվեց «Հայկական քաղաքակրթության դասավանդման հետ առնչվող խնդիրների հարցը» խորագրով քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին բուհի գիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ՝ ներկայացնելով բուհական կրթական համակարգում «Հայկական քաղաքակրթություն» թեմայի դասավանդման խնդիրներն և մեթոդները:

Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման լաբորատորիայի վարիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը բացման խոսքում նշեց, որ ժամանակն է հայկական քաղաքակրթության ուսումնասիրման տեսական խնդիրներից անցում կատարել գործնականի՝ մշակել հայկական քաղաքակրթության դասավանդման մեթոդաբանություն:

Ակադեմիկոսը վստահեցրեց, որ տեղի է ունենում գիտության նոր ուղղության ձևավորում և այդ տեսակետից կարևորություն են ստանում հայկական քաղաքակրթության տեսական հետազոտությունները. «Անհրաժեշտ է հայկական քաղաքակրթությունը ուսումնասիրել ոչ թե որպես մեկուսի ոլորտ, այլ այն դիտարկել որպես ժամանակակից քաղաքակրթական հետազոտությունների վրա հիմնված ոլորտ»:

Պատմության և Իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ հայկական քաղաքակրթության ուսումնասիրման ոլորտում հանգուցային բանալին հայկական քաղաքակրթության զարգացման առանձնահատկությանը նպաստող գործոնների բացահայտումն է:

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նելլի Մինասյանը, որ դասավանդում է «Քաղաքակրթությունների պատմություն և տեսություն» առարկան, վստահեցրեց.  «Հայկական քաղաքակրթությունը դասավանդելիս հաշվի է առել մի շարք սկզբունքներ. հայկական քաղաքակրթությունը ուսումնասիրել է համաշխարհային քաղաքակրթությունների համատեքստում, ուշադրություն դարձրել այն քաղաքակրթություններին, որոնց հետ հայկական քաղաքակրթությունը գտնվել է շփումների, փոխազդեցությունների և փոխգործակցության մեջ»: 

Նա այն կարծիքին է, որ հայկական քաղաքակրթության ուսումնասիրման համար պետք է կիրառել համադրման մեթոդը, որի նպատակն է առանձնացնել համաշխարհային քաղաքակրթությունների մեջ հայկական քաղաքակրթության առանձնահատկությունը և ցույց տալ, որ հայկական քաղաքակրթությունն ունի եզակի սկզբունքներ, առանձնահատկություններ, որոնց հիման վրա էլ կարելի է կազմակերպել դասավանդումը:

Քննարկման ընթացքում եղան նաև այլ ելույթներ, կարծիքներ, առաջարկներ. Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս Էռնեստ Գրիգորյանն առաջարկեց հայկական քաղաքակրթության դասավանդման համար մշակել ուրույն մեթոդաբանություն, իսկ Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Յուրիկ Մուրադյանն առանձնացրեց հայերի ունեցած առանձնահատուկ դերակատարությունը՝ ընգծելով հայկական մշակույթի տարածման գործոնը:

Ամփոփելով քննարկումը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս ոլորտը թեև գոյություն ունի կրթական համակարգում, սակայն Հայկական քաղաքակրթության դասավանդման խնդիրների շուրջ անելիքներ դեռ շատ կան և դրանց իրագործումը հնարավորություն կտա հանդես գալ ինքնուրույն հայեցակարգով: