ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին ԿԱՊԿՈՒ անձանց աջակցության հիմնախնդիրները
21.12.2022
Քննարկվեցին ԿԱՊԿՈՒ անձանց աջակցության հիմնախնդիրները

ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «ԿԱՊԿ ունեցող անձանց մանկավարժահոգեբանական աջակցության հիմնախնդիրները» խորագրով կլոր սեղան–քննարկում»։

Ներկա էին ոլորտի մասնագետներ, այդ թվում՝ Սան Ֆերնանդոյի Հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական հոգեբան Արմինե Ստեփանյան Զամբրեն։

Ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց զարգացման տարաբնույթ խանգարումներ ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ մասնագետների ստացված փորձի փոխանակումը, նշելով, որ ձեռնարկի նպատակն է մանկավարժահոգեբանական համատեքստում վերհանել արդի խնդիրներն ու մարտահրավերները։

Պրոֆեսոր Կարապետյանը խոստացավ՝ չեն շրջանցելու նաև բժշկական բաղադրիչը․ հենց այս եռամիասնության արդյունքում է, որ ձևավորվում է այդ անձանց խնդիրների վերհանումը, կարիքների գնահատումն ու աջակցության ճիշտ կազմակերպումը։

Սիրանուշ Կարապետյանն ամփոփ ներկայացրեց ֆակուլտետի և ամբիոնների գործունեությունը, մասնագիտություններն ու նեղ մասնագիտացումները, կրթական ծրագրերը։

Բանախոսը ցավով նկատեց, ֆակուլտետը տարածաշրջանում հատուկ մանկավարժներ պատրաստող միակ կառույցն է, այնինչ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, զարգացման կարիք ունեցողների թիվն աշխարհում աճում է:

Դեկանն անդրադարձավ ֆակուլտետի միջազգային կապերին, տարբեր ծրագրերի շրջանակներում դասախոսների և ուսանողների շարժունության, փոխանակման ծրագրերին՝ դրանց համատեքստում կաևորելով օտար լեզվի իմացությունը․ «Վստահ եմ, որ հանդիպումը երկուստեք շահեկան կլինի կողմերի համար՝ ոլորտում առկա մարտահրավերները քննարկելու, նոր մոտեցումներ լսելու և խնդիրների համատեղ լուծումներ գտնելու համար»,- նշեց Կարապետյանը:

Արմինե Ստեփանյան Զամբրեն շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի վերաբերյալ համապարփակ տեղեկություն ստանալու համար, ապա ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունն ու փորձառությունը Լոս Անջելեսի հայ համայնքում, ուր աշխատում է մեծահասակների հետ՝ որպես կլինիկական հոգեբան։

Վերջինս նկատեց՝ համայնքում ևս առկա են ոլորտի հիմնախնդիրներ․կարծում է, որ ֆակուլտետի հետ համագործակցությունը երկուստեք շահավետ կլինի։

Նա կարևորեց Հայաստանի և ԱՄՆ-ի հայ մասնագետների փոխգործակցությունը՝ նույնիսկ հեռավար ձևաչափով․ այն կնպաստի օգնելու հայ համայնքին՝ զարգացման հատուկ խնդիրներ ունեցողների հետ աշխատանքում։

Կլոր սեղան–քննարկմանը աուտիզմ ունեցող երեխաների վախերի ախտորոշման հիմնախնդիրներին անդրադարձավ դոցենտ Ալինա Մանուկյանը, իսկ ներառական կրթության փիլիսոփայական ասպեկտների վերաբերյալ խոսեց դոցենտ Անդրանիկ Ստեփանյանը։

Ծավալվեց շահարգիռ մասնագիտական քննարկում, եղավ հարց ու պատասխան։