ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին ԿԱՊԿՈՒ սոցիալական հարմարավողականության հիմնախնդիրները
20.10.2022
Քննարկվեցին ԿԱՊԿՈՒ սոցիալական հարմարավողականության հիմնախնդիրները

ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում կայացավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց սոցիալական հարմարավողականության հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին։

Աշխատաժողովին ներկա էին ֆակուլտետի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց աշխատաժողովը՝ ընդգծելով, որ փորձելու են վեր հանել ոլորտի մի շարք խնդիրներ, քննարկել և առանձնացնել մասնավորապես՝ չափահասների հետ կապված հիմնահարցեր։

Պրոֆեսոր Կարապետյանը նկատում է, որ տևական ժամանակ է՝ մեր երկրում սահուն ընթացքի մեջ է ներառական կրթությունը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հիմնախնդիրները, սակայն, շարունակում են մնալ տարբեր ոլորտների մասնագետների ուշադրության տիրույթում, և կան դեռևս մի շարք չլուծված հարցեր, այդ թվում՝ սոցիալական հարմարվողականության հետ կապված։

Բանախոսը կարևորեց դեռևս վաղ մանկության տարիներից խնդրի վերհանումը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրանց կարևորումը, համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպումը, հանրակրթության համակարգում այդ խնդիրների կարգավորումը․«Յուրաքանյուր ոք ունի կրթության իրավունք․ բուհական համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց թեկուզ մասնակի ներգրավումն արդեն իսկ մեծ ձեռքբերում կարելի է համարել։ Կան, սակայն, անձանց սոցիալական հարմարվողականության, աշխատանքի ընտրության և նմանօրինակ բազմապիսի խնդիրներ, որոնք կքննարկվեն աշխատաժողովում՝ նախանշելու հետագա անելիքերն ու աշխատաժողովի շարունակականությունը»,-հավելեց Սիրանուշ Կարապետյանը։

«Երջանկության ճանապարհ» կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Քոչինյանն իր խոսքում կարևորեց աշխատաժողովի գաղափարը և մաղթեց, որ ներառական կրթության ոլորտում մայր բուհ հանդիսացող Մանկավարժականը շարունակի իր չընդհատվող բեղուն գործունեությունը։

Հայկ Քոչինյանը վստահ է՝ աշխատաժողովում հնչած հարցերն արդյունավետորեն կծառայեն մեր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացմանը։ Խոստովանում է՝ ոլորտում առաջատար մասնագետներին դժվար թե զարմացնի տեսական և գործնական գիտելիքների առումով, սակայն իրենց կազմակերպության օրինակով պատրաստ է կիսվել հաջողված փորձով։

Բանախոսն իր ելույթում ներկայացրեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական նախաձեռնության ստեղծման, կայացման և զարգացման պատմությունը։

Ի դեպ, ՀՊՄՀ-ի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի միջև վերջերս էր կնքվել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն է տալիս համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, կազմակերպել ուսանողների գործնական, ուսումնական գործընթացներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ:

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Նելլի Հունանյանը, ներկայացնելով աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցությանը միտված «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի գործունեությունը, իր զեկույցն առավելապես դիտարկեց որպես մեթոդական ուղեցույց՝ մասնագիտական աշխատանքը կազմակերպելու տեսանկյունից։

Ինչպե՞ս սովորեցնել նոր գործողություններ․ առաջադրանքի վերլուծություն և մտավոր գործողությունների զարգացման փուլային մոտեցման մասին խոսեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Լիլիթ Կարապետյանը, գործնականում հեքիաթաթերապիայի դրական ազդեցությունը ներկայացրեց «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երիտասարդների և դեռահասների խմբի արտթերապիստ Նունե Մադոյանը, իսկ ՀՀ-ում չլսողների ու նրանց հաղորդակցման հիմնախնդիրներին անդրադարձավ բուհի շրջանավարտ, Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի դաստիարակ Արեն Ալավերդյանը։

Աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաև Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մագիստրոսները։

Վերջիններս անդրադարձան ՀՀ բուհերում հաշմանդամություն ունեցող ուսանողների ներառմանը, ինչպես նաև ներկայացրին վիճակագրություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հասարակության տեղեկացվածության մակարդակի վերաբերյալ։

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց սոցիալական հարմարավողականության հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։