ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին կարիերայի խորհրդատուների ինստիտուտի ձևավորման հնարավորությունները
21.06.2024
Քննարկվեցին կարիերայի խորհրդատուների ինստիտուտի ձևավորման հնարավորությունները

Մանկավարժական համալսարանում էին Գրիֆիթի համալսարանի Կրթության և մասնագիտական ուսումնասիրությունների գծով կրթության գլխավոր մասնագետ  Դեբ Քարն ու Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Երիտասարդության, գրագիտության և հմտությունների զարգացման հարցերով բաժնի ծրագրերի իրականացման հարցերով ավագ մասնագետ  Հիրոմիչի Կատայաման։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում կարիերայի խորհրդատուների ինստիտուտի  ձևավորման հնարավորությունները, հեռանկարները, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցեր՝ ինչպես դպրոցահասակների, այնպես էլ  մեծահասակների կարիերայի պլանավորման դեպքում։

Կողմերը  խոսեցին համակարգի ներդրման հնարավորությունների, մեթոդաբանության մշակման,  քարտեզագրման խնդիրների մասին նաև։

ՀՊՄՀ ներկայացուցիչները նկատեցին՝ մեր երկրում վերջին տարիներին կարևորվում է աշխատաշուկա-կրթություն կապը․վստահ են՝ կարիերայի խորհրդատուների ինստիտուտի ձևավորումը կնպաստի դրա ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը։

ՀՊՄՀ պրոռեկտորը գործընկներին ներկայացրեց բուհի  ձեռքբերումներն ու այդ ուղղությամբ  կատարած աշխատանքները․Մակավարժական համալսարանի տարբեր օղակներ և մասնագետներ մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի հետ աշխատանքերին։  Դպրոցներում  գործում են կարիերայի կողմնորոշման խմբակներ, կազմվել են ձեռնարկներ, ուղեցույցեր, հանրակրթության ոլորտում մասնագիտական մեթոդաբանություն, սակայն որևէ բուհ, մինչ օրս չունի կարիերայի խորհրդատուների պատրաստման կրթական ծրագիր։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև զբաղվածության դասակարգիչների ՀՀ աշխատաշուկայում պահանջված հմտությունների և կրթական ծրագրերի վերջնարդյունքների համապատասխանության ապահովման հիմնահարցերին։

Մանկավարժականում վստահ են՝ բուհի ներուժն անհրաժեշտ է կարիերայի խորհրդատուների ինստիտուտի  ձևավորման մեթոդաբանության մշակման, կադրերի պատրաստման, վերապատրաստման հարցերում, ինչպես նաև ներդրված գործիքակազմի  որակի արդյունավետության  գնահատման գործընթացներում։