ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին մանկավարժական կրթության հիմնախնդիրները
25.02.2022
Քննարկվեցին մանկավարժական կրթության հիմնախնդիրները

Այսօր տեղի ունեցավ Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի առցանց նիստը, որին մասնակցում էր նաև ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: Քննարկման առանցքում ԱՊՀ երկրների մանկավարժական բուհերում մանկավարժական կրթության որակի և տեխնոլոգիաների համաձայնեցված չափորոշիչների մշակման հարցն էր:

Գործնական խոսակցություն ծավալվեց 2021 թվականի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձ եղավ 2022 թվականին նախատեսված աշխատանքներին:

Նիստը բացեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը: Նա ամփոփ ներկայացրեց 2021 թվականին Մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիայի գործունեությունը՝ ընդգծելով, որ մանկավարժական կադրերի կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներն, այնուամենայնիվ, չեն ընդհատվել համաճարակով պայմանավորված։ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը՝ որպես բազային կազմակերպություն, հաջողությամբ իրականացրել է կազմակերպչի իր դերը՝ ապահովելով փոխգործակցությունն անընդհատությունը մանկավարժական կրթության համակարգում, միաժամանակ Մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիայի շջանակում համակարգել է ԱՊՀ երկրների մանկավարժական բուհերի համատեղ գործունեությունը:

Ալեքսեյ Լուբկովն իր գոհունակությունը հայտնեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Հասարակական խորհրդի գործունեության մասին, որի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային առաջատար մանկավարժական համալսարանների ռեկտորները: Նա ներկայացրեց մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիայի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։

Հաշվետու տարում մեծ ուշադրություն է հատկացվել համակարգային կադրային քաղաքականության խնդիրներին, երիտասարդ դասավանդողների մանկավարժական շարունակական կրթությանը, պրոֆեսորադասախոսական կադրերի որակավորման բարձրացմանը։ Աշխատանքներ են տարվել ոչ միայն Ասոցիացիայի շրջանակներում համագործակցող համալսարանների, այլև մանկավարժական կրթության ասպարեզին առնչվող բոլոր կազմակերպությունների ու հաստատությունների հետ:

Գործնական խոսակցություն ծավալվեց Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի՝ 2022 թվականի աշխատանքային ծրագրի շուրջ, հանգամանորեն ներկայացվեց ընթացիկ տարվա անելիքները:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց անցնող տարվա ընթացքում շահագրգիռ համագործակցության համար՝ չնայած համավարակային սահմանափակումներին, ապա նաև կարևորեց ռուսաց լեզվի դերն ու մանկավարժների վերապատրաստումն այդ լեզվով՝ համարելով տարբեր լեզուների իմացությունը կարևոր գործիք ակադեմիական շրջանակների շփման և գիտական ձեռքբերումներին հաղորդակից լինելու համար։ Այդ համատեքստում նա ընդգծեց Մանկավարժական համալսարանում գործող Պուշկինի ինստիտուտի գործունեությունն, այնպես էլ համագործակցությունը Եվրասիական մանկավարժական բուհերի հետ։

Ելույթ ունեցան նաև Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ մյուս համալսարանների ռեկտորները։