ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին մարտական գործողություններին մասնակցած հաշմանդամության կարգավիճակ ստացած անձանց զբաղվածության հիմնախնդիրները
28.10.2022
Քննարկվեցին մարտական գործողություններին մասնակցած հաշմանդամության կարգավիճակ ստացած անձանց զբաղվածության հիմնախնդիրները

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնն այսօր անցկացրեց բաց դաս-քննարկում՝ «Մարտական գործողություններին մասնակցած և հաշմանդամության կարգավիճակ ստացած անձանց զբաղվածության հիմնախնդիրները» թեմայով։

Ամբիոնի դոցենտ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը ներկայացրեց կատարած հետազոտության մանրամասներն ու արդյունքները, խոսեց զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության, միջազգային փորձի, նոր ծրագրային առաջարկների մասին։

Բանախոսը մի շարք առաջատար երկրների օրինակով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծման հնարավոր եղանակները, ապա առաջարկեց մարտական գործողությունների արդյունքում հաշմանդամության ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքներին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար աջակցության, մարտական գործողություններին մասնակից հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրեր։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը թեմայի քննարկումն արդիական համարեց և ընդգծեց՝ ապրելով դժվար ժամականերում՝ պետք է ուժ գտնել պատվով կատարել բոլոր հանձնառությունները։ Նա մեկ անգամ ևս կարևորեց Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ մարտական գործողությունների առաջին օրվանից և շարունակաբար իրականացվող հոգեբանական, հումանիտար աջակցությանը միտված աշխատանքները։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը հանդիպումը կարևորեց նաև ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին իրազեկելու տեսանկյունից․ «Ոչ միայն հոգեբանները, այլև սոցիալական աշխատողներն են մարտական գործողությունների ընթացքում մասնակցել կարևոր այդ գործընթացին»։

Ռուզաննա Պետրոսյանը մեզանում կարևորեց հոգևոր անվտանգության խնդիրը՝ ընդգծելով, որ այն հատկապես կարևոր է մեր օրերում, երբ չկա հոգեբանական անվտանգություն։ Նա հանդիպման ընթացքում կարևորեց քննարկումների և հարցադրումների ձևաչափը՝ ընդգծելով՝ տեղեկացված լինելը կօգնի պատրաստ լինել անհրաժեշտ հետագա քայլերին։

Հանդիպման ներկա էին նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական կազմակերպությոն, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ներկայացուցիչները։

Մարտական գործողություններին մասնակցած հաշմանդամության կարգավիճակ ստացած անձանց զբաղվածության հիմնախնդրի լուծումը Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Գայանե Խաչիկյանի դիտարկմամբ պահանջում է բազմակողմանի՝ հոգաբանական, սոցիալական և բարոյական մոտեցում։

Դոցենտ Խաչիկյանը հավելում է՝ պատերազմում հաշմանդամություն ստացած անձը, բացի անհրաժեշտ հոգեբանական աջակցությունից, կարիք ունի նաև սոցիալական ռեադապտացիայի և ռեսոցիալիզացիայի․ «Բաց դաս-քննարկմանը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին անդրադառնալը կարևոր քայլ է մասնագիտական ոլորտում այս խնդրի լուծմանն ուղղված գործունեության արդյուքների առումով»։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։