Կայացավ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի աշխատանքային հանդիպումը բուհի դեկանների և ամբիոնների վարիչների հետ: Մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման գործընթացի և կատարված աշխատանքների մասին խոսեց ռեկտոր Գևորգյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ արդեն իսկ վերանայվել է 94 մասնագիտական կրթական ծրագիր՝ 40-ը բակալավրիական, 54-ը՝ մագիստրոսական, որոնց բովանդակությունը համապատասխանեցվել է բուհի առաքելությանը՝ շեշտադրելով մանկավարժական կադրերի պատրաստման նպատակը։
Անդրադառնալով բուհի հավատարմագրման գործընթացին՝ ռեկտորը հավելեց, որ երեք՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն» և «Կերպարվեստ» մասնագիտությունների ՄԿԾ-ի մասնագրերում նպատակները, կրթական ելքային արդյունքները համապատասխանեցվել են որակավորումների ազգային, իսկ դրանցից երկուսը՝ նաև «Մանկավարժություն» մասնագիտությունների ոլորտային շրջանակի բնութագրիչներին․«Վերանայվել են նաև կրթական ծրագրերում վերջնարդյունքների դասավանդման, այդ թվում՝ ուսումնառության և գնահատման մեթոդների, կրթական ելքային արդյունքների կրթական ծրագրի դասընթացների համապատասխանությունը»։
Սրբուհի Գևորգյանը ընդգծեց, որ ընթացի մեջ են հավատարմագրման համար այլընտրանքային ընտրված «Ինֆորմատիկա», «Երաժշտական կրթություն», «Անգլերեն լեզու և գրականություն», ինչպես նաև մյուս առարկաների ՄԿԾ-ի մասնագրերի վերանայման աշխատանքները։
Ուսուցչի՝ 21-րդ դարի հիմնարար հմտությունների ձևավորման պահանջի բավարարում, որակի ազգային և ոլորտային շրջանակի բնութագրիչների համապատասխանեցում՝ ըստ կրթական ծրագրի․ ռեկտորը թվարկեց այն հիմնական պահանջները, որոնք դրված էին մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման հիմքում։
Կարևորելով բուհի հավատարմագրման գործընթացը՝ Սրբուհի Գևորգյանը նշեց՝ անելիքները շատ են․պատրաստ են լսել խնդիրներն ու դժգոհությունները, աջակցել հետագա աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ զեկուցեց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
Նա այդ համատեքստում ներկայացրեց ՀՊՄՀ-ի առկա և հեռակա ուսուցման ձևերով մագիստրատուրայի ընդունելության և ուսումնառության կազմակերպման կարգը, ընդունելության պայմանները, ընդհանուր դրույթները։
Բանախոսը նկատում է՝ կարգը մշակվել է աշխատանքային քննարկումների արդյունքում․ կան կետեր, որոնք դյուրացնում են մագիստրատուրա ընդունվելու հնարավորությունը։
Ի դեպ, հաշվի առնելով բնագիտամաթեմատիկական առարկաների գծով ուսուցիչների խիստ պակասը, ինչպես նաև նշված առարկաների դասաժամերի սակավությունը, այս տարվանից ՀՊՄՀ դիմորդին մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն մասնագիտություններ ընտրելիս, կշնորհվի լրացուցիչ՝ կրկնակի որավորում։
Աշխատանքային հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին օրակարգի վերաբերյալ մի շարք հարցեր։