ՀՊՄՀ-ի Հայկական քաղաքակարթության ուսումնասիրման լաբորատորիայի նախաձեռնությամբ կայացավ «Սփյուռքը հայկական քաղաքակրթության համատեքստում» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկում:
Հայաստանի մի շարք հաստատությունների ներկայացուցիչներ և տարբեր երկրներից հրավիրված հայրենակիցներ իրենց զեկույցներում ներկայացրին հայկական քաղաքակրթության մեջ Սփյուռքի դերակատարությունը՝ անդրադառնալով կազմավորման ձևերին, առանձնահատկություններին:
Զեկույցներում անդրադարձ եղավ նաև քաղաքակրթության և սփյուռքի վերաբերյալ տեսական հետազոտություններին, փորձ արվեց պարզել երկու հասկացությունների ընդհանրություններն ու դրսևորումներն արդի ժամանակներում:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, Հայկական քաղաքակարթության ուսումնասիրման լաբորատորիայի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը հույս հայտնեց, որ լաբորատորիայի կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպվող ձեռնարկի նպատակն է տարբեր կողմերից դիտարկել հայկական քաղաքակրթության առանձնահատկություններն ու կարողանալ տեսական բնույթի եզրահանգումներ անել:
Պրոֆեսորը վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանը ստեղծել է գիտական պրպտումները նպատակասլաց ճանապարհով շարունակելու ամուր հարթակ և հնարավորություն տվել հարցի վերաբերյալ մեկտեղել մասնագետների, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հետազոտությունների զգալի մասը նվիրել են հայկական Սփյուռքի տարբեր ասպեկտների ուսումնասիրմանը:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ ընդգծեց, որ կրթադաստիարակչական գործառույթն իրակնացնելիս բուհը մշտապես պատրաստ է համագործակցել և իր ուժերը միավորել Սփյուռքի հետ: Պրոռեկտորը վստահեցրեց, որ ապագա մանկավարժների համար հատկապես կարևոր է սերտ կապ պահել Սփյուռքում մեր հայրենակիցների հետ, կիսել նրաց մոտեցումները, լինել տեղեկացված. դա հայանպաստ է և երկուստեք փոխշահավետ:
Վերլուծելով պատմական, դասական և նոր Սփյուռքի առաջացման պատճառները՝ բանախոսները վստահեցրին, որ այն հայկական քաղաքակրթության շարունակությունն է հայրենիքից դուրս: «Սփյուռքն ունի հայկական քաղաքակրթության բոլոր դրսևորումների պահպանման դերակատարություն և նպաստում է քաղաքակրթությունների երկխոսությանը»,-իր զեկույցում նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց, որ Սփյուռք և քաղաքակրթություն հասկացությունները անհրաժեշտ է դնել մեկ շրջանակի մեջ: