ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննություն՝ ցուցադրության ձևաչափով
22.12.2015
Քննություն՝ ցուցադրության ձևաչափով

Այսօր Կիրառական արվեստ և հագուստի մոդելավորում մասնագիտությունների 1-4-րդ կուրսի ուսանողները հագուստի դիզայն և մոդելավորման կոմպոզիցիա, կոնստրուկտավորում և  նախագծում առարկաների միջանկյալ քննությունը հանձնեցին իրենց պատրաստած զգեստների ցուցադրությամբ:

Սպորտային, երեկոյան, առօրյա և այլ ոճերի զգեստներին ապագա մոդելավորողներն ու հագուստի դիզայներները հաղորդել էին սեփական մոտեցումներն ու տեսական գիտելիքների գործնական հմտությունները:

«Նման ցուցադրություններն առաջին հերթին համարձակություն են. ուսանողները համախմբվում են միևնույն գաղափարի, նպատակի շուրջ և փորձում մասնագիտական առաջին քայլերն անել ուսումնառության առաջին տարիներից սկսած»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը՝ խոստովանելով, որ հաճելիորեն զարմացած է ներկայիս սերնդի ճաշակի, գեղեցիկի հանդեպ ունեցած վերաբերմունքի և դրա հետ առնչվելու ձգտման համար:

Դասախոսներ Մարինա Վանյանի և Հռիփսիմե Մարոնյանի կարծիքով տարբեր կուրսերի և պատրաստվածության ուսանողների համատեղ ցուցադրությունը սկսնակների համար լավագույն առիթ է զգալ և շտկել սեփական թերությունները, հատկապես, որ ուսանողների թվում արդենիսկ կան պրոֆեսիոնալ մոդելինգով զբաղվողներ:

Հագուստի մոդելավորման 3-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Մկրտումյանը զբաղվում է պրոֆեսիոնալ մոդելինգով, ցուցադրությանը ներկայացրել է 3 աշխատանք՝ սպորտային, երեկոյան ոճերում և ձմեռային հագուստ: Բազմաթիվ ցուցադրությունների մասնակցած Էլինան վստահ է՝ ուսանողական ցուցադրությունները առաջին գործերը հանրությանը ներկայացնելու լավագույն հնարավորությունն են. «Մանկավարժական համալսարանում մեր մասնագիտության համար ստեղծված պայմանները հնարավորություն են տալիս հենց տեղում մեր մտահղացումները կյանքի կոչել»

Ի դեպ, Հագուստի մոդելավորում բաժինն այս տարի կունենա առաջին շրջանավարտները. բաժնի ուսանողներն այս տարիներին հաջողությամբ հանդես են եկել բազմաթիվ ձեռնարկներում, մասնակցել տարբեր ցուցադրությունների: